Ինչպիսի քաղաքական ամառ է սպասվում Հայաստանին՝ ըստ ՀՀԿ-ականի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը խոսեց ամռանը սպասվող հնարավոր քաղաքական զարգացումների մասին: Ըստ նրա կանխատեսման՝ ամռանը ակտիվ քաղաքական գործընթացների ականատես չենք լինելու. «Կարծում եմ, որ ամենասպասված իրադարձությունը թերևս կլինի այն, ինչի մասին խոսում ենք վերջերս առավել շատ. դա կլինի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի մասնակցությունը: Այսինքն՝ այսպես թե այնպես Հայաստանը կստորագրի այդ պայամանգիրը: Եվ սա, ըստ էության, ամենասպասված, ամենալուրջ ու ամենամեծ իրադարձությունը կարող ենք համարել: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին՝ արդեն իսկ գիտեք, որ քառյակը և, նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը կարծես թե պատրաստվում են աշնանը: Քառյակը արդեն իսկ հայտարարել է, որ նրանք պատրաստվում են 12 կետանոց որոշակի առաջարկություններ ներկայացնել և, կախված այդ առաջարկությունների ընդունումից, ինչպես իրենք են ասում, նրանք փաստորեն իրենց այդ տվյալ գործողություները կծրագրավորեն նորից աշնանը»:
Արտակ Դավթյանի խոսքով՝ ԱԺ ոչ իշխանական քառյակը չի հրապարակում 12 կետից բաղկացած իր պահանջը՝ զուտ տեխնիկական խնդիրների պատճառով. «Նրանք նշեցին, որ պիտի բերեն այնպիսի տեսքի, որն արդեն կարող են հրապարակել: Համաձայնության են եկել, չգիտեմ՝ դրանք պահանջնե՞ր են, թե՞ առաջարկություններ, որովհետեւ մի քանի օր առաջ ինձ լրագրողներից մեկը ասում էր, որ վերջնագիր են ներկայացնում, համենայնդեպս՝ սպասենք, տեսնենք, թե ինչպիսին կլինեն այդ 12 կետերը, ըստ այդմ էլ՝ համապատասխան եզրակացություններ մենք կանենք»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ամառը բարենպաստ կլինի գործադիրի համար. «Քաղաքական անցուդարձի առումով՝ խոսքը վերաբերում է հիմնականում Ազգային ժողովին, որոշակի հանգիստ ժամանակահատված է, և նրանց համար բավականին լավ ժամանակ է, որպեսզի գործունեության ծրագրում ամրագրված այդ ցուցանիշների համար, օրենսդրական նախաձեռնություններ պատրաստեն եւ աշնանը մենք ականատես կլինենք այդ արդեն իսկ պատրաստի օրենքների, նախագծերի քննարկումներին Ազգային ժողովում»: