Բաժիններ՝

Ալեքսանդր Ամարյան. «Կիսաբաց լուսամուտներն» ինչքան ժողովուրդ է նայում, ու սաղի մոտ Հունան Համբարյանը դարձավ արդեն բռնաբարող»

«Մեզ մոտ հոգևոր դաշտում առկա են բազում թերություններ, որոնց ինչ-որ մի տեսքով պետական մարմինները լուծում տան: Առաջինը օրենսդրական փոփոխությունն է, և երկրորդը՝ պատասխանատվության պետք է ենթարկել այն մարդկանց, որոնք փորձում են իմիջ ստեղծելու համար վարկաբեկել մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նա հիշեցրեց Կոմիտաս վարդապետի ավտոմեքենայի հետ կապված միջադեպը, որի շուրջ ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրջ քննարկումներ էին ծավալվել:

«Չգիտես ինչու՝ մեզ մոտ հետևյալն էր գնում՝ եկեք ինչքան հնարավոր է փնովենք Առաքելական եկեղեցին: Բայց ոչ ոք չէր ուզում գալ այն եզրահանգմանը կամ այն կարծիքին, որ ընդհանրապես չէր շոշափում, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ կապ չունի հոգևորական է, հոգևորական չէ, նյութական վնաս է հասցվում, ու դա համարվում է նորմալ: Սկսում են հաշվել փողերը՝ բա հոգևորականին որտեղի՞ց այդքան փող, որ նա ավտոմեքենա է գնում: Ավտոմեքենայի վնասը դա վնաս է: Խուլիգանությո՞ւն է, թե՞ միտումնավոր՝ պետք է պարզվի իրավապահ մարմիններում»,- ասաց նա:

Ա. Ամարյանը պնդում է, որ որոշ մարդիկ պարբերաբար փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին. «Հայտարարություն արեցին այն մասին, որ պարոն Սարկավագը իբր թե միասեռական է, ու որպես ապացույց դրել են ինչ-որ մի էջ, կարծեմ՝ Вконтакте, որտեղ տված է՝ мужик 43, ման եմ գալիս տղամարդու:

Ցանկացած մարդ կարող է դա սարքել, ցանկացած մարդու անունի հետ այդ խաղը տա: Մենք ունենք մյուս դեպքը: «Կիսաբաց լուսամուտներով»՝ «Դավանանքի ծառաները»  հաղորդումն էր, որտեղ Սևակ Հովհաննիսյանը մասսայական հայտարարություն արեց, որ Հունան Համբարյանը իբր թե բռնաբարել է 16 տարեկան մի տղայի: Հունան Համբարյանը նույն օրը դիմում է Ոստիկանություն, Ոստիկանությունը պարզում է, որ ոչ մի այդպիսի բան չի եղել: Բայց հիմա պատկերացրեք՝ «Կիսաբաց լուսամուտներն» ինչքան ժողովուրդ է նայում, ու սաղի մոտ Հունան Համբարյանը դարձավ արդեն բռնաբարող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս