«Հանգիստը կարող է վերածվել իսկական դժոխքի»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը և Ավագյանի անվան լազերային կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը խոսեցին այն հիմնական հիվանդությունների մասին, որոնք առաջանում են ամռանը հանգստանալու ժամանակ:
Կ. Վարդանյանի խոսքով` լեռնագնացության դեպքում առաջացող հիվանդություններից՝ հավանականությամբ առաջին տեղերում են տրավմատիզմը և մաշկի ամբողջականության խախտումը և, իհարկե, տարբեր միջատների, սողունների խայթոցներն իրենց տհաճ հետևանքներով:
«Ծովափնյա հանգստի մեկնողներին միանշանակ խորհուրդ է տրվում ունենալ արևապաշտպան, ճիշտ ընտրված միջոցներ: Ընդ որում, խորհուրդ է տրվում ունենալ 2 միջոց` առաջին մի քանի օրերի համար նախատեսված բարձր արևապաշտպան ցուցիչով, հետագայում արդեն արևայրուքի զարգանալու հետ մեկտեղ` ավելի թույլ արևապաշտպան ցուցիչով միջոց»,- նշեց է Կ. Վարդանյանը:
Ըստ մաշկաբանի, հանգստի մեկնողներին խորհուրդ է տրվում ծանոթանալ նաև տվյալ տեղանքի բնակլիմայական և տարբեր վիճակներին.
«Քանզի ցանկացած հանգստի մեկնելը տվյալ անձի համար կլիմայի փոփոխություն է, ինչն իր հերթին հանդիսանում է լուրջ սթրես օրգանիզմի համար, որն էլ կարող է իր հերթին սրել ցանկացած քրոնիկ այլ հիվանդություն, որն ունեցել է տվյալ անձը մինչև հանգստի մեկնելը: Այսինքն` մենք խոսում ենք ոչ միայն առաջնային զարգացող խնդիրների մասին, այլ նաև այն մասին, որ հանգիստը կարող է վերածվել իսկական դժոխքի, եթե տվյալ մարդն ունենա քրոնիկ խնդիր, որը սրացել է հենց հանգստի ժամանակաշրջանում»:
Լուսինե Բեկիսկա-Թամազյանն էլ ավելացրեց, որ ամռան շրջանում աչքի խնդիրները կապված են օդի ջերմաստիճանի, ընդհանուր օդի աղտոտման և շոգ մթնոլորտային ճնշման հետ.
«Ուղղակի ամռանը հեղուկի գոլորշացումն ավելի շատ է կատարվում, մենք ունենում ենք նաև աչքի չորության խնդիր, որը կարող է լինել նաև ձմռան շրջանում, սակայն ամռանն օդորակիչին և համակարգչին գումարվում է նաև օդի ջերմաստիճանի բարձրացումը, երբ մեր աջքի մակերեսի հեղուկն ավելի շուտ է գոլորշիանում»:
Նա նշեց, որ ամռանը շատ են հանդիպում ալերգիկ հիվանդություններ, որոնք կապված են մայիս ամսին սկսվող բարդիների բամբակի զատման հետ.
«Եթե հիվանդն ունի ալերգիկ ինչ-որ խնդիր տարվա ընդացքում, ես խորհուրդ եմ տալիս ապրիլ ամսին պատրաստվել, որովհետև մինչև 14-15 տարեկան երիտասրդների մոտ հիմնականում այդ խնդիրն ամեն տարի կրկնվում է»:
Բժիշկը նշեց նաև, որ բացօթյա լողավազաններում առկա բակտերիալ կոնյուկտիվիդների առկայությունը ամռան շրջանում նույնպես վտանգավոր է աչքի համար.
«Ալերգիկ կոնյուկտիվիդների դեպքում մենք ունենում ենք աչքի մակերեսի կարմրություն, քոր և արտադրություն կամ արցունքի, կամ լորձանման թելիկների տեսքով: Բակտերիալ կոնյուկտիվիդների դեպքում կա դեղին արտադրություն, նույնպես կարմրած աչքեր, և քորն ավելի նվազ է լինում, քան ալերգիկ կոնյուկտիվիդների դեպքում»: