Վոտ տակայա դոլյա… Հայաստանի Հանրապետություն
Այս օրերին քննարկման բոլոր հնարավոր վայրերում` քաղաքական կուլիսներում, միջոցառումների սեղանների շուրջ ու շենքերի բակերի տաղավարներում Հայաստանի ընտրյալ ու ընտրող հանրությունը քննարկում է ոչ թե Եվրասիական միության անդամակցության, Նազարբաևի հայտարարության ու Ղարաբաղին սպառնացող վտանգներին վերաբերող հարցերը, այլգգողականների` քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» միջև վերջերս տեղի ունեցած ինչ-որ ընդհարում:
Բայց այնպես չէ, որ սա պայմանավորված է սերիալային կամ դեդեկտիվ ժանրի պատմությունների հանդեպ հետաքրքրությամբ և վկայում է մեր հասարակության` ոչ ադեկվատության մասին: Ճիշտ հակառակը: Ավելի ադեկվատ արձագանք հնարավոր չէ գտնել: Քանի որ Հայաստանում գողականները վաղուց դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ` գողական:
Այնպես որ, ամենաստորին հարթության գողականն ավելի ազդեցիկ է, քան ամենավերին մակարդակի պաշտոնյան, և հակառակը` ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է այնքանով, որքանով վայելում է գողականների հիերարխիայի վերինների հովանավորչությունը: Սա Հայաստանում արդեն ավելի քան տասը տարի իշխանության ձևավորման մեխանիզմի հետևանքն է: Գողականներն ապահովում են իշխանության պահպանումը և վերարտադրությունը, իշխանությունն ապահովում է գողականների անպատժելիությունը:
Արդյունքում` ֆորմալ բոլոր ինստիտուտները փոխարինվել են քրեական հասկացություններով: Տնտեսական վեճերը լուծում են ոչ թե դատարանները, այլ «ախպերությունը», ոչ թե դատական նիստում, այլ «սխոդկայի» ժամանակ: Երկրում վերջին խոսքը պատկանում է ոչ թե որևէ դատավորի կամ նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահին, այլ որևէ մականունավոր «պախանի»: Հանցագործներին իրականում պատժում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ մեկ այլ խմբավորման հանցագործներ, որոնք այդ պահին հովանավորում են համապատասխան իրավապահներին` նրանցից ստանալով «սամասուդի դաբրոներ»:
Այս շարքը երկար կարելի է շարունակել, սակայն երևույթի էությունը նույնն է: Հայաստանը վերածվել է գողապետության, որտեղ հեղինակավոր մարդիկ ոչ թե ուսուցիչներն ու գիտնականներն են, և ոչ էլ բժիշկներն ու արվեստագետները, այլ հենց գողականները, իբրև թե «ճիշտ ու սխալ» անողները: Նրանք, ովքեր իշխանության «սխալը» սարքում ենք «ճիշտ», որպեսզի իշխանությունն էլ նրանց «սխալը» համարի օրենքներին, ներեցեք` «պանյատներին» համապատասխանող: Արդյունքում` պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «նայողները»:
Իրականում հենց այս հարաբերություններն են կազմում այն համակարգի բովանդակությունը, ինչը, բարեհունչ լինելու համար, անվանում ենք «ներքաղաքական կյանք», «քաղաքական զարգացումներ» և այլն: Ու այս իմաստով իշխանությունը շատ համարժեք արտաքին քաղաքականություն է վարում` հետևելով այն սկզբունքին, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Թեև մեր պարագայում հակառակն ավելի ճիշտ է:
Իշխանությունը ոչ միայն ամեն ինչ անում է օր առաջ Հայաստանին Եվրասիական միության, այսինքն` ավելի մեծ «զոնի» անդամ դարձնելու համար, այլ ապահովում է նաև գողականների հոգևոր պահանջմունքները բավարարող ատրիբուտները` Երևանում տեղադրելով «գողական աշխարհի» հիմնադիր (տառաճանաչ գողերին է անգամ հայտնի, որ իրենց այդ «կուռ» համակարգը ստեղծվել է Ստալինի կողմից` որպես ոչ ֆորմալ, այլընտրանքային վերահսկողության գործիք), այսինքն` ոչ միայն ժամանակին սովետական ժողովուրդների, այլ նաև սովետական գողերի հայր Ստալինի զինակիցներից ու կատարածուներից մեկի` Միկոյանի արձանը:
Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ջանքեր է գործադրել մեծանուն այս հայը գողական աշխարհի կայացման գործում: Հայերին գնդակահարելու խնդրագրեր գրելուց ազատ ժամանակ, բնականաբար: Դժվար է նաև ասել` իշխանությունը դա անում է գողականների պատվերո՞վ, թե՞ սեփական նախաձեռնությամբ` գողականներին անակնկալ մատուցելու նպատակով` որպես «ախպերության սրտով» ձևավորված կառավարության մաղարիչ:
Չէ՞ որ առջևում ընտրություններ են: Համապետական: Ներեցեք` համագողական: Այնպես որ, տեղեկությունները, որ Երևանի ինչ-որ ռեստորանում «օրենքով գողերի» մասնակցությամբ հավաք է տեղի ունեցել, որին նրանք թույլ են տվել մասնակցել անգամ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրականում պետք է ընկալել` որպես գրեթե պաշտոնական լրահոս:
Գրեթե, որովհետև գողականները, ինչպես հայտնի է առանձնակի ատելություն ունեն «պետական» ցանկացած սուբստանցիայի նկատմամբ, որն արտահայտում են աշխատանքային ժամերից հետո` բարձրաստիճան ոստիկանների հետ համատեղ կերուխումերի ժամանակ: Ինչպես որ բարձրաստիճան ոստիկաններն են «հետապնդում» գողականներին:
Բացառապես աշխատանքային ժամերին, բնականաբար: