ՄՀՀ-ի ներկայացուցիչների պնդմամբ` համալիրն ապօրինի կերպով ուզում են խլել. «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում համալիրի հետ կապված այսօրվա նիստից հետո «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը լրագրողներին նաև ասաց, թե իշխանությունները շահագրգռված են համալիրի հետ կապված դատավարությունը դռնփակ անկացնել, քանզի չեն ցանկանում, որ ապօրինությունների մասին հանրությունը տեղեկանա:
«Ամեն ինչը միգուցե դրան է գնում: Երբ որ կոնկրետ աշխատանք է տարվում` կասեցնելու գործունեությունը: Օրինակ, եթե դատական պրոցեսի մեջ է, իրավունք ունի գործելու այս կառույցը: Բայց մեզ մոտ ինչ է ստացվում. ամեն կերպ խոչընդոտվում է աշխատանքը, բանկային հաշիվները սառեցվում են, չեն կարողանում գործարքներ անել: Դուք ինձ հնարավորություն չեք տալիս անգամ իմ պարտքը մարելու: Այդպես է ստացվում», – նշել է նա:
Ըստ Գրիգորյանի, «Բամո» ընկերությունների խումբը իր կազմում գտնվող «Բամո մետալ» ընկերության համար վարկ է վերցրել Հայաստանի կառավարությունից և 2012-ին գրավ է դրել իրեն պատկանող Մարզահամերգային համալիրը: Այն բանից հետո, երբ վարկի մարումը ուշացել է, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը՝ ժ֊ամանակացույց կազմելու և ըստ դրա 10.2 միլիարդ դրամ պարտքը մարելու խնդրանքով, սակայն ֆիննախից անակնկալ տեղեկացել են, որ կառավարությունը արդեն իսկ դիմել է դատարան՝ գումարը բռնագանձելու համար:
Ընդ որում, Կորյուն Գրիգորյանի խոսքով, կառավարությունը ներգրավել է նաև Պաշտպանության նախարարությանը, որպեսզի դատաքննությունը դռնփակ անցկացվի, թեև ուժային այդ գերատեսչությունը որևէ կապ չունի վարկային պատմության հետ:
«Ամեն ինչ կատարվում է նրա համար, որպեսզի կարողանան կոծկեն ու կարողանան իրենց սխալները ինչ-որ ձևով փակեն: Ի սկզբանե մեր ամբողջ գործը եղել է կապված ֆիննախի հետ: Հետո ինչ-որ մարդիկ քնում-զարթնում են ու որոշում են, որ գումարը Մարզահամերգային համալիրը պետք է վճարի Պաշտպանության նախարարությանը: Ամեն ինչը գրավադրված է ֆիննախում, մեր պարտավորությունները և փաստաթղթային բոլոր պայմանագրերը կապված են ֆիննապի հետ: Մենք ի՞նչ կապ ունենք Պաշտպանության նախարարության հետ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: