Ռուբիկ Հակոբյանը «Ժառանգության» հայտարարությանը ծանոթանալով՝ անհասանելի է դարձել
168. am-ի այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության կողմից տարածված հայտարարության այն կետին, որով «ՀՀ դե ֆակտո նախագահից» պահանջվում է անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը սկզբում պատասխանեց, որ դեռ չի ծանոթացել հայտարարության տեքստին, ապա ավելացրեց, որ «ճշտումների կարիք կա», և խոստացավ այդ մասին հանգամանալից խոսել ավելի ուշ:
Ավելի ուշ Ռուբեն Հակոբյանը դարձավ անհասանելի: Այս փաստը կարևոր է այնքանով, որ երեկ խորհրդարանական քառյակը քննարկել և համաձայնեցրել էր իշխանություններին ներկայացվելիք 12 կետից բաղկացած պահանջագիր, որտեղ արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ մի հարց չի ընդգրկվել: Արդյո՞ք Ռուբեն Հակոբյանն առաջարկել է իր կուսակցության կողմից ներկայացված պահանջը ներառել քառյակի պահանջագրի մեջ, և այն մերժվելու արդյունքում է, որ «Ժառանգությունը» որոշել է հանդես գալ առանձին պահանջով: Ռուբեն Հակոբյանը երեկ վստահեցնում էր, որ չի եղել որևէ պահանջ, որը քառյակի որևէ կուսակցություն ներկայացրել է, իսկ մյուսները դեմ են եղել դրան: