Կառավարությունը Թուրքիան փրկել է սիրիական ու եգիպտական իրադարձությունների կրկնվելուց. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում այլևս երբեք չեն գրանցվի հեղաշրջումներ, և որ թուրք ժողովուրդը խստապես կպատժի հեղաշրջումերի կողմնակիցներին:
Էրդողանի խոսքերով՝ կառավարությունը Թուրքիան փրկել է երկրում սիրիական ու եգիպտական իրադարձությունների կրկնվելուց. «Արտասահմանում եղած ուժերը, այդ թվում նաև Փենսիլվանիայի նահանգում բնակվող մարդը (Ֆեթհուլլահ Գյուլեն), թուրքական ընդդիմությանն օգտագործել են իրենց նպատակների համար:
Կան բազում ապացույցներ, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) սերտ կապեր ունի Գյուլենի շարժման հետ: Օտար ուժերը, օգտագործելով Թուրքիայի քաղաքական ուժերը, ցանկանում են խոչընդոտել երկրի տնտեսական զարգացմանը:
Չնայած Թուրքիայի դեմ ձեռնարկվող ողջ քարոզչությանն ու բոլոր ջանքերին՝ Անկարան կհաղթահարի այդ բոլոր խոչընդոտները: Երկրի վերջին իրադարձությունները (նախորդ տարվա մայիսյան ակցիաներ, կոռուպցիոն սկանդալ, կառավարության ներկայացուցիչների հեռախոսազրույցների գաղտնալսում) թանկ են նստել Թուրքիայի վրա»: