
Առողջապահության նախարարը Մոսկվայում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։
Կլինիկայի ղեկավար Արամայիս Քամալովն Արմեն Մուրադյանին ներկայացրեց նաև ուսումնական բաժնի, բուժական ֆակուլտետի գործունեությանը:
Տպավորիչ էր հատկապես ուսումնական վիրահատություններ կատարող ռոբոտ «Դա Վինչին», որ դեռևս հազվադեպ է կիրառվում նույնիսկ Եվրոպայում:
Կողմերը բանակցեցին երկկողմ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց կրթության և վերապատրաստման նպատակով հայ մասնագետների, ուսանողների այցելությունների շուրջ:
Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ: ՌԴ կառավարության առընթեր գործող այդ մարմնի գործառույթներին նախարարը ծանոթացավ տեղում: Պայմանավորվածություն ձեռք բեվեց ընդլայնել համագործակցությունը փորձի փոխանակման և իմունականխարգելման ոլորտում:
ՀՀ Առողջապահության նախարարություն