Օշականցի Գևորիկի ծեծը տեսանկարահանվել է. Հովիկ Աբրահամյանն ու մի քանի նախարարներ պաշտպանում են Երրորդմասցի Լյովիկին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը, որն անդրադարձել էր «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եւ քրեական հեղինակությունների Քանաքեռցի Տույի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ շարունավող հակամարտությանը, այդ հրապարակումից հետո թեմային տեղյակ բազմաթիվ մարդկանցից զանգեր է ստացել, նրանք հայտնել են, որ իսկապես քրեական աշխարհում իրավիճակը լարված է։
«Պարզվում է՝ Օշականցի Գեւորիկի ծեծը տեսանկարահանվել է եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը։ Իսկ դա նշանակում է, որ Գեւորգ Մելիքյանը իր՝ «օրենքով գողի» տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասցի Լյովիկին։
Սակայն այս հեռանկարն ընդունելի չէ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ Լյովիկը վարչապետի որդու՝ Արգամի ընկերն է…Հիշեցնենք, թե ինչից փոթորկվեց Հայաստանի քրեական դաշտը:
Այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին: Պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գևորիկին, և նրանց խոսակցությունը չէր ստացվել:
Օշականցին հայհոյել էր իր հետ խոսողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել հարցը:
Գողականների հանդիպումն, ի վերջո, կայացել էր:Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած խոսակցությունը այնքան էր թեժացել, որ Տույն ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկիցներին:
«Գողական աշխարհի օրենքների» համաձայն` օրենքով գողին ծեծելը անպատվաբեր է, ուստի Օշականցի Գևորիկը պետք է համարժեք պատասխան տա Լյովիկին, Տույին ու նրանց թիմին: Իսկ եթե չհաջողվի անել, ապա Գևորիկը պարզապես կդադարի օրենքով գող համարվել:
Նույն քրեական աղբյուրներից եղած արտահոսքի հետևանքով մեզ հասած տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկն ընդհանուր բիզնես ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի հետ (գազալցակայան), ուստի դա է պատճառը, որ վարչապետն ամեն կերպ պաշտպանում է նրան: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանն այս հարցում մենակ չէ, նրան Երրորդմասցի Լյովիկին պաշտպանելու և Օշականցի Գևորիկին գահընկեց անելու հարցում սատարում են ՀՀ որոշ նախարարներ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։