Սերժ Սարգսյանը առնվազն պետք է ստորագրեր Ղազախստանում ՀՀ դեսպանի ազատման հրամանը.«Ժողովուրդ»
«Եվ այսպես, երեկ, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է.«Աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը…: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար»: Ինչ խոսք, լավ է ասված, ինչպես և բոլոր նախորդ ելույթները: Բայց որպեսզի այն իրականության հետ աղերս ունենա, ապա Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո առնվազն պետք է ստորագրեր Ղազախստանում ՀՀ դեսպանի ազատման հրամանը՝ Աստանայի «նամակային դիվանագիտությունից» տեղյակ չլինելու համար, դրանից հետո ստորագրեր բոլոր այն դեսպանների ազատման հրամանները, ովքեր արտերկրում զբաղված են միայն բիզնեսով ու Հայաստանից մեկնող բարձրաստիճան չինովնիկների կանանց «շոփինգը» սպասարկելով: Եվ փոխարենը, իրենց դիվանագիտական ծառայությունը փայլուն կատարող գոնե մեկ-երկու դեսպանի մատնանշեր, ովքեր անձնական միջոցներով մի ողջ դեսպանատուն են պահում»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։