
Ֆրանսիայի նախագահը ԼՂ-ի խնդրի լուծման մասին կոնկրետ առաջարկներ է արել Երևանին ու Բաքվին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում:
Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Նրա խոսքերով՝ Օլանդը պատրաստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահների հետ համատեղ:
Մոնիեն հայտարարել է, որ Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նպատակին և ցանկանում է ստեղծել այնպիսի պայմաններ, որ երկու երկրները հետագայում ապրեն ոչ թե պատերազմական, այլ՝ խաղաղ պայմաններում: Դեսպանը կարծում է, որ հրադադարի ռեժիմի 20-ամյակից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրեի մասին՝ Մոնիեն հայտարարել է, որ դիվանագետը քաջածանոթ է հետխորհրդային երկրներին, աշխատել է Չինաստանում, Մոսկվայում, եղել է Տաջիկստանում ու Մոլդովայում դեսպան: