Պետությանը մատակարարված ապրանքները խանութում ավելի էժան են. pastinfo.am
2012-13թթ պետական տարբեր գերատեսչությունների հայտարարած պետգնումների մրցույթներում հիմնականում հաղթել են նույն ընկերությունները, և այն էլ այն դեպքում, երբ նրանց առաջարկած գները բարձր են եղել տվյալ ապրանքի շուկայական արժեքից:
Նման եզրակացության են հանգել Վերահսկիչ պալատի աշխատակիցները` պետգնումների համակարգն ուսումնասիրելու ընթացքում, հաղորդում է pastinfo.am-ը:
Այսպես, օրինակ, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հայտարարած մսի պահածոյի գնման մրցույթին մասնակցել են 2 ընկերություն` «Դանինի» ՍՊԸ-ն և «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն: Հաղթող է ճանաչվել «Դանինի»-ն, քանի որ նրա առաջարկած գինը 54 դրամով ավելի ցածր է եղել («Դանինի»-ն առաջարկել է մեկ կգ-ի դիմաց 1596 դրամ, «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն` 1650 դրամ):
Սակայն, հետագայում մրցույթում հաղթած «Դանինի» ընկերությունը մսի պահածոն գնել է նույն «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ից, և այն էլ մեկ կիլոգրամը 1420 դրամով, բայց պետությանը մատակարարել 176 դրամով ավել գնով` ամբողջ խմբաքանակի համար պետությունից ավել ստանալով 15 488 000 դրամ: Նույն «Դանինի»-ն միևնույն ժամանակահատվածում հաղթել է նաև ՊՆ և ԿԳՆ հայտարարած մրցույթներում:
Պաշտպանության նախարարությունը շաքարավազ գնելու համար «Դանինի» ընկերության հետ պայմանագիր է կնքել մեկ կգ-ը 370 դրամ պայմանով: Մինչդեռ, «Դանինի»-ն շաքարավազը գնել է ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից, մեկ կգ-ը 360 դրամով: Գնային տարբերությունը ամբողջ խմբաքանակի համար այս դեպքում գրեթե 10 մլն դրամ է կազմել:
ՊՆ-ն այս ընկերությունից նաև կերակրի աղ է գնել` 1 կգ-ը` 120 դրամով: Այն դեպքում, երբ Ավանի աղի կոմբինատից նույն աղը «Դանինի»-ն գնել էր 114 դրամով: Արդյունքում ավել է վճարվել ևս 1,5 մլն դրամ:
Պարզվել է, որ «Դանինի» ՍՊԸ-ն նաև կրթական հաստատությունների, այդ թվում` մանկապարտեզների սննդի հիմնական մատակարարն է հանդիսանում: Նրանից բացի մանկապարտեզներին սննդով ապահովում է նաև պետական գնումների մրցույթներում ոչ պակաս աչքի ընկնող «Տիսա» ՓԲԸ-ն:
Ընդ որում, այս դեպքում ևս 2 ընկերություններն էլ մանկապարտեզներին սնունդ են մատակարարել ոչ միայն շուկայականից բարձր գներով, այլև Երևանի տարբեր վարչական շրջաններում տարբեր գներ են գործել:
Օրինակ, եթե Դավիթաշենում և Շենգավիթում 1 կգ շաքարավազը մատակարարվել է 490 դրամով, ապա Մալաթիա- Սեբաստիայում նույն շաքարավազն արժեցել է 406 դրամ, մակարոնեղենի գինը տատանվել է 460-ից 318 դրամի սահմաններում, հավի կրծքամիսը Արաբկիրի մանկապարտեզներին մատակարարվել է 2200 դրամով, իսկ Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներին` 1800, բուսական յուղը Կենտրոնի մանկապարտեզների համար արժեցել է 1000 դրամ, Մալաթիա-Սեբաստիայի` 850, Էրեբունիի` 950 և այլն :
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: