Հայաստանի բոլոր մարզերի ու Լեռնային Ղարաբաղի երեխաների Ուրախ պարը` նվիրված Երեխաների պաշտպանության օրվան
Ներկայացվում է «Այո» նախաձեռնության պատրաստած Հայաստանի բոլոր մարզերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 60 երեխաների Ուրախ պարը` առօրյա խնդիրներից մի քանի րոպե շեղելու ու դրական լիցքեր փոխանցելու ցանկությամբ:
«Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը: Իրազեկություն տարածելու նպատակով, ինչպես նաև երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ` «Այո»-ն նկարահանել է երեխաներին նվիրված տեսահոլովակ, հիմնված Ֆարրելլ Ուիլիամսի «Հեփի» երաժշտության վրա:
Տեսահոլովակի պրեմիերան կկայանա հունիսի 1-ին:
«Այո» հարթակը մեկնարկել է 2013 թվականի սեպտեմբերին: Նախագիծն իրականացվում է Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ: «Այո»-ն միաժամանակ աշխատում է մի քանի նախագծերի վրա, որոնք հնարավոր են դառնում հայաստանյան և արտերկրյա դրամահավաքների շնորհիվ: Նախագծերի շահառուներ կարող են դառնալ և՛ կրթական, և՛ առողջապահական, և՛ մշակութային հաստատությունները: Նախագծի առանձնահատկությունն այն է, որ ստացված ամբողջ գումարն ուղղվում է ծրագրի իրականացմանը, իսկ հավելյալ մյուս բոլոր ծախսերը վճարում են ծրագրին աջակցող բարերարները: Հայաստանի տարբեր մարզերում պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն դրամահավաքն է, այլև բնակչության իրազեկումը:
«Այո» նախաձեռնություն