Ես հպարտ եմ, որ վտանգավոր եմ դարձել իմ հայրենիք Ադրբեջանն օկուպացրած վարչակարգի համար. Լեյլա Յունուս
REX լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը պատմել է Ադրբեջանում իրենց ծավալած գործունեության մասին.
«Ես այլակարծ շարժման մեջ եմ շուրջ 30 տարի: 1995 թվականին մենք հիմնել ենք Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը՝ որպես հասարակական կազմակերպություն, որը պետք է աշխատեր մի շարք ուղղություններով:
Դրանք են գիտա-հետազոտական ուղղությունը (ներգաղթի խնդիրների, հասարակության մեջ իսլամի դերի, արտաքին քաղաքականության մասին մենագրությունների հրապարակում), իրավապաշտպան ուղղությունը (դատական համակարգի, քաղբանտարկյալների մոնիթորինգ), Ղարաբաղյան հակամարտության կարգավորում:
Հենց Իլհամ Ալիևի կողմից իշխանությունը ժառանգելուց հետո մեր աշխատանքային պայմանները պարզապես դարձան անտանելի: 2011 թվականին ես հրապարակեցի Բաքվի բնակիչներից սեփականությունն ապօրինաբար խլելու կոռուպցիոն բաղադրիչի մասին հետազոտությունը (2009-2011 թվականներին ավելի քան 60.000 քաղաքացի ապօրինաբար զրկվել է իր տներից ու բնակարաններից)՝ նշելով կոնկրետ պետական պաշտոնյաների անուններ, որոնք կատարել էին քրեորեն պատժելի հանցանքներ:
2011 թվականի օգոստոսի 10-ին այդ թեմայի շուրջ իմ հարցազրույցը հրապարակվեց The New York Times-ում, իսկ օգոստոսի 11-ի երեկոյան իմ տունը, ուր տեղակայված էր նաև Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակը, ավերեցին բուլդոզերով՝ ներառյալ նրանում գտնվող ողջ գույքը, արխիվը: Սակայն ես շարունակում եմ իմ աշխատանքը:
2013 թվականի դեկտեմբերին ելույթ ունենալով Բրյուսելում՝ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Արդեն մեկ շաբաթ անց ես հրապարակեցի քաղբանտարկյալների ցուցակը, իսկ 2014 թվականի ապրիլի 15-ին քաղբանտարկյալների ամբողջական ցուցակը հրապարակվեց «Թուրան» լրատվական գործակալության կայքում:
Չորս օր անց Թուրքիայից արտահանձնեցին վաստակավոր լրագրող Ռաուֆ Միրկադիրովին: Օդանավակայանում նրան ձերբակալեցին Ազգային անվտանգության աշխատակիցները և ներկայացրին ծանր մեղադրանք՝ Հայաստանի օգտին լրտեսություն ու հայրենիքի դավաճանություն:
Երբ ես կարդացի, որ հայկական հատուկ ծառայությունների գործակալը, որին Ռաուֆը «փոխանցել է ռազմական բնույթի գաղտնի նյութեր», հայ լրագրող Լաուրա Բաղդասարյանն է՝ գրեթե 10 տարում համատեղ աշխատանքի իմ գործընկերը, ինձ մոտ կասկած չմնաց, որ «հայ լրտեսներին բացահայտելու այդ գործողության» թիրախում հենց ես եմ:
Ինչպես նշեցի, իմ աշխատանքը մեծապես զայրացնում է Ալիևի ավտորիտար վարչակարգին, որի կարծիքով՝ այժմ լավագույն ժամանակն է՝ հաշվեհարդարի համար: Ուկրաինայի դեպքերը միջազգային հանրության ողջ ուշադրությունը գամել են դրանց վրա և դրանով իսկ բարենպաստ պայմաններ են ստեղծել Իլհամ Ալիևի համար:
Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Բրյուսելն ու Ստրասբուրգը շահագրգռված են նրան տեսնել որպես աշխարհաքաղաքական նշանակալից տարածաշրջանում էներգետիկ նախագծերի գործընկեր: Դրանով իսկ Իլհամ Ալիևը ստացել է քարտ-բլանշ՝ այլակարծների հետ հաշվեհարդար տեսնելու համար:
Լրտեսության մեջ մեղադրելը ենթադրում է ոչ միայն «գաղտնի հետաքննություն», այլև՝ դատական փակ գործընթաց, որում անմեղ մարդուն կմեղադրեն ինչում որ ուզեն և կդատապարտեն 10 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Ես չեմ վախենում մահից, ես չեմ վախենում բանտից: Ես հպարտ եմ, որ վտանգավոր եմ դարձել այն վարչակարգի համար, որն օկուպացրել է իմ հայրենիքը՝ Ադրբեջանը»: