Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հակասահմանադրական ծրագիր է ներկայացրել

ՀՀ կառավարության նոր ծրագիրը, որն այսօր արժանացել է գործադիրի հավանությանն ու վաղը ներկայացվելու է Ազգային ժողովի ուշադրությանը, խախտում է ՀՀ Սահմանադրությունը: Խնդիրն այն է, որ ծրագրի 2.2.5-ում, որը վերաբերում է ֆինանսական միջնորդությանը, ներկայացվում է պարտադիր կուտակային համակարգի արդյունավետությունը ֆինանսական տեսակետից: «Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքում՝ …պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը»,- ասվում է ծրագրում: Մինչդեռ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամներին խոստացավ ու կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց, թե պարտադիր բաղադրիչը «դե ֆակտո» կասեցված է: «2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է»,- ասել էր վարչապետը:
Եվ ընդամենը նախորդ շաբաթ՝ մայիսի 15-ին, Ազգային ժողովն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած նախագիծը, որով պարտադիր բաղադրիչը չեղյալ հայտարարվեց և քաղաքացիներին կամարտահայտության հնարավորություն տրվեց, որ դիմում գրելու դեպքում իրենցից չիրականացվեն 5% պարտադիր գանձումները:
Ու, չնայած դրան, կառավարությունն այժմ իր հնգամյա ծրագրում կրկին ներառում է «պարտադիր» հասկացությունը: Սա առնվազն կարելի է որակել՝ որպես քաղաքացիներին ծաղրելու փորձ:

Partadir - Copy

 

Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմամբ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ու անվավեր է ճանաչել, և առաջիկա 5 տարիների համար կառավարության ծրագրում դրա ներառումը հանցագործություն ու ՀՀ մայր օրենքի խախտում է:
Ծրագրում նաև նշվում է՝ «Ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտան առավել բազմազան դարձնելու և զարգացնելու ֆինանսական գործիքներն ու շուկաները՝ միաժամանակ ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը»:

Հայտնի է, որ զրկվելով արտաքին ֆինանսավորումից, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հույսը դրել էր ներքին ռեսուրսների մոբիլիզացման վրա, ընդ որում՝ ոչ թե օլիգարխիկ փողերի, այլ հենց պարտադիր կուտակայինից ձևավորվելիք միջոցների վրա: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, առանց նոր հեծանիվ հորինելու համար գլուխ ցավեցնելու, կրկնօրինակել է նախկինին և տնտեսության զարգացման համար այլ՝ ավելի լավ միջոց չի կարողացել գտնել, քան կրկին ներքին «հասանելի» ռեսուրսները, այսինքն՝ քաղաքացիների գրպանը:
Ինչևէ: Կառավարության ծրագիրը վաղը քննարկվելու է Ազգային ժողովում, և իրականությունը կբացահայտվի: Ըստ ամենայնի, պարտադիրի հարցը լինելու է ամենաարծարծվողներից մեկը:

 

Տեսանյութեր

Լրահոս