«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է պայքարը (տեսանյութ)
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է պայքարը հակասոցիալական նորմերը կանխելու համար:
«Կուտակային կենսաթոշակայինի վերաբերյալ միջանկյալ օրենքով դեռևս սահմանադրական կարգը չի վերականգնվել, կա միայն փոքրիկ առաջընթաց՝ դիմումներ գրելու հնարավորության մասով». «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության` «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին նախաձեռնության անդամները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը նոր օրինագծի վերաբերյալ:
Մայիսի 15-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը` ձայների 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այս փոփոխությամբ աշխատողին հնարավորություն է տրվում իր՝ կուտակային կենսաթոշակային համակարգին չմիանալու ցանկության մասին դիմումով տեղեկացնել գործատուին:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ անտրամաբանական է օրենքով դիմումներ գրելու դրույթը, քանի որ դիմումներ պետք է գրեն ոչ թե այն անձինք, ովքեր ուզում են հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակագին մասնակցելուց, այլ նրանք, ովքեր ուզում են միանալ դրան: Ըստ բանախոսի՝ կառավարությունը լուծում է միայն գումարները հետ վերադարձնելու խնդիրը և փորձում է առաջ տանել ձախողված նախագիծը՝ գործի դնելով մեխանիզմ, որն արդեն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել:
«Նոր օրենքը կարելի է համարել քաղաքացիների պայքարի ձեռքբերում, սակայն սա հաջողության միայն մեկ դրույթն է, և պայքարը պետք է շարունակվի: Պետական սեկտորի աշխատակիցների դեպքում կարող են սկսվել մի շարք գործընթացներ՝ դիմումները չեն վերցնի, կսպառնան: Հետևաբար պետք է հետևողական լինել ու իրազեկել բոլորին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար արդեն ուղարկված դիմումներին՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ դիմումներն ուղարկելն իրենց նախաձեռնությունն է եղել, որպեսզի մարդը ցույց տա իր կամքը, իսկ փոփոխված օրենքի հիման վրա պետք է գրվեն նոր դիմումներ՝ կենսաթոշակային պահումներ չկատարելու համար, անկախ նրանից՝ նախկինում գրվել են, թե ոչ:
«Դ!եմ եմ»-ի անդամ Լուսինե Վատյանը հորդորեց գործատուներին զերծ մնալ ճնշումներից ու թույլ տալ, որ աշխատողները դրսևորեն իրենց կամքը՝ զգուշացնելով, որ նախաձեռնությունը հետամուտ է լինելու հանրայնացնել գործատուների կողմից արված ճնշումները:
Հնարավոր ճնշումներից ու խնդիրներից խուսափելու համար Դավիթ Խաժակյանը խորհուրդ տվեց դիմում ներկայացնելու ժամանակ պահանջել, որ գործատուն փաստաթղթով հավաստի, որ ստացել է այդ դիմումը կամ ուղարկել փոստով:
Տիգրան Մարտիրոսյանի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած պարտավորությունների պատճառով մեր կառավարությունը փորձում է գործի դնել այս համակարգը՝ շարունակելով նախկին կառավարության գործունեությունը:
Ի պատասխան Կառավարության՝ աշխատանքային խմբի անդամ դառնալու առաջարկի մասին հարցին՝ Լուսինե Վատյանն ասաց. «Մենք օրենք մշակող չենք: Մենք կցուցաբերենք մեր մոտեցումներն օրենքի վերաբերյալ՝ հրապարակելով հանրային քննարկումների միջոցով ձևավորված այն սկզբունքները, որոնք համարում ենք հրատապ»:
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կմշակվի և կհրապարակի գործատուներին ուղարկվելիք դիմումի տարբերակ՝ օրենքի նախագծի հրապարակումից և վավերացումից հետո: Նախաձեռնությունը շարունակելու է իրազեկման և այլ ակցիաները՝ կոչ անելով աշխատողներին անգործության չմատնվել ու ցուցաբերել հետևողականություն: