Որտեղի՞ց է գալիս մայիսին չամուսնանալու ավանդույթը. պարզաբանում է տոմարագետը
«Մայիսին չամուսնանալը ժողովրդի մեջ շատ տարածված իրողություն է: Մարդիկ խուսափում են մայիս ամսին ամուսնության հետ կապված որևէ բան անելուց՝ պսակադրություն, ամուսնության ձևակերպում և այլն:
Հայ Առաքելական եկեղեցին, սակայն, մայիսին չամուսնանալու որևէ պատճառ չի տեսնում: Եկեղեցին այն համարում է սնահավատություն»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց տոմարագետ, աստղագետ Գրիգոր Բրուտյանը:
Իսկ թե որտեղի՞ց է գալիս այս սովորույթը, տոմարագետը բացատրեց.
«Նման բաները, սովորաբար, կապվում են հանրության կրոնական պատկերացումների հետ: Բանն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չունի այս իրողության բացատրությունը և մայիսին պսակ չանելու որևէ պատճառ չի տեսնում: Սրա պատճառը մեր կրոնի մեջ չէ:
Բնականաբար, պատճառը պետք է լինի կրոնից դուրս: Շատ երկար ժամանակ այն մեզ հայտնի չի եղել: Մենք հասկացանք պատճառը, երբ ծանոթացանք հայկական օրացույցի շատ հին տարբերակին: Պարզվեց, որ մինչ Հայկ նահապետի Հայաստան գալն այստեղ կիրառվել է մի օրացույց, որը մենք պայմանականորեն անվանում ենք նախահայկյան:
Այդ օրացույցի մեջ մենք գտանք սրա զուտ աստղագիտական հասարակ բացատրությունը: Բանն այն է, որ նախահայկյան օրացույցում տարեմուտը եղել է ամառնամուտից մոտ մեկ շաբաթ առաջ, և այդ տոնական իրադարձությանը նախորդել է մոտ 70-օրյա արգելքների շրջան, որը կապված է անդրաշխարհի և իգական սկզբի գաղափարների հետ:
Այդ օրացույցը հիմնված է եղել Հայկի համաստեղության գլխավոր աստղի դիտումների վրա: Տարի է համարվել այն տևողությունը, որի ընթացքում այդ աստղը երկնքում լավ է երևացել: Տարվա մեջ մի փոքրիկ հատված այդ աստղը չի երևում, դիտելի չէ: Եթե հարմարեցնենք մեր օրացույցին, այդ շրջանը կլինի մոտավորապես ապրիլի 5-ից հունիսի 14-ը: Ահա այս տևողությունը համարվել է տարուց դուրս, արտատարեկան ժամանակ և եղել է արգելքների շրջան: Պաշտվող առարկան եղել է անդրաշխարհում, աշխարհից դուրս: Այդ շրջանի պատկերացումները կապված են եղել հենց անդրաշխարհի հետ»:
Բանախոսը նշեց, որ այդ ժամանակահատվածում արգելվել է երեկոյան գործ անել, մսամթերք, կաթնամթերք օգտագործել: Արգելվել են նաև ամուսնական հարաբերությունները: Արգելքների շրջանն ավարտվել է նավասարդյան տոներով:
«Այս տոնաշարքի մեջ կարևոր տեղ է ունեցել ծիսական ամուսնությունը, որը, հավանաբար, տեղի է ունեցել 6-րդ օրը: Այն ունեցել է ամբողջ երկիրը բեղմնավորելու, արգասավորելու խորհուրդ: Համարվել է, որ այդ ծիսական ամուսնության հաջող ելքից է կախված ամբողջ երկրի բարեբերությունը, բերքի առատությունը, անասունների ծնելիությունը:
Սրա վերապրուկները կան ոչ միայն հայերի, այլ նաև մեր հարևան որոշ ազգերի պատկերացումների մեջ: Հռոմեական օրացույցը ևս ունի մայիսին չամուսնանալու արգելք: Ըստ այդ օրացույցի՝ մայիսի հաջորդ ամիսը՝ հունիսը, նվիրված է եղել Յունոնա դիցուհուն, որն ընտանեկան օջախի և ամուսնության հովանավորն է: Այսինքն, եթե կա ամուսնության ծիսական արգելք, դրանից հետո պետք է լինի դրա ծիսական կատարումը»,- նշեց բանախոսը:
Տոմարագետի կարծիքով՝ սա է մայիսին չամուսնանալու սովորույթի հիմնական պատճառը: Նա նշեց, որ ժողովրդական սնահավատություն համարվող երևույթների հիմքում պարզ աստղագիտական հիմք ունեցող հնագույն իրողություն է, և լավ կլինի, եթե պահպանվի այս ավանդույթը: