Դիմորդները պետք է ուշադիր լինեն. Սխալ պատասխանի համար կտրվի ոչ թե 0 միավոր, այլ կհանվի 0.25
Այսօր Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց առաջիկա ավարտական պետական քննությունների, քննական թեստերի և շտեմարանների մասին:
Նա նշեց, որ խոսելով 2014 թվականի քնությունների մասին, պետք է հետ գնալ 2013 թվականի աշուն, երբ ուսումնասիրվեցին այդ թվականի քնությունների արդյունքները, վեր հանվեցին թերություններն ու մշակվեցին այն բոլոր ուղղությունները, որոնք պետք է ավելի հստակեցվեն:
«Ոչ պակաս քան կես տարի առաջ ցանկացած դիմորդ պետք է տեղեկացված լինի, թե հաջորդ տարվա պետական քնություններին ինչ փոփոխություններ են կատարվել, և ամենակարևորը` այդ թվականի թեստերն ինչ կառուցվածք պետք է ունենան: Դրա համար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք տպագրում ենք և դպրոցներին անվճար բաշխում բոլոր առարկաների ուղեցույցները, որտեղ հստակեցվում են եկող տարվա քննությունների թեստերի կառուցվածքը և փոփոխությունները»:
Գ. Մելիքյանը նշեց, որ կառուցվածքի հետ կապված այս տարի կար մեկ փոփոխություն. «Դա վերաբերվում էր, այսպես կոչված, «պնդումների փունջ» առաջադրանքին, որը շուրջ երկու տարի աշխատում է հայոց լեզվի և Մաթեմատիկայի քննությունների թեստերում, իսկ այս տարի այդպիսի առաջադրանքներ պետք է ներառվեն նաև բնագիտական առարկաների թեստերում: Դրա յուրահատկությունն այն է, որ ոչ թե ավելի բարդ են, այլ գնահատման առումով չափանիշներն ավելի խիստ են: Ամեն մի պնդումների փունջ բաղկացած է 6 հարցից և քսանական միավորային համակարգում տվյալ առաջադրանքին տրվում է առավելագույնը 1.5 միավոր: Երեխան պետք է հերթով ընթերցի և պատասխանի այդ պնդումներին` ճիշտ է, սխալ է, կամ չգիտեմ: Այն հարցերը որ նա չգիտի, լավ է` նշի, որ չգիտի, հակառակ դեպքում, եթե սխալ պատասխանեց այդ 1.5 միավորից 0.25 միավոր հանվում է: Եթե այլ դեպքում ինքը սխալ է պատասխանում, ոչինչ չի փոխվում, ստանում է 0 միավոր, այս պարագայում (այդ առաջադրանքը կազմված է 6 հարցից որի ընդհանուր միավորը 1.5 է) ամեն սխալի համար 0.25 միավոր իջնում է: Սա նորություն է, որը թույլ է տալիս ստուգել երեխայի ուշադրությունը և հիմնարար եզրակացություն անելու կարողությունը»:
Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է հասնել նրան, որ թեստն ունենա այնպիսի բարդություն, որ հիմնական մասը հավաքեն միջին միավորները (13-16 միավորներ), շատ քիչ մասը հավաքի 18-20 միավոր, և բավականաչափ քիչ մաս կտրվի:
Ըստ բանախոսի` երբ չկային շտեմարանները մեկ կամ երկու մասնագետներ կարող էին իրենց հայեցողությամբ առաջադրանքներ վերցնել ու դնել թեստի մեջ և շատ էին լինում վրիպակները. «Ստիպված էին լինում այդ վրիպակների պատճառով բոլորին անխթիր մեկ բալ կամ համապատասխան միավոր հատկացնել: Իսկ անցյալ տարի այդպիսի բան չեղավ, և հավատացնում եմ` այս տարի նույնպես չի լինի»:
Գ.Մելիքյանի կարծիքով` շտեմարանների օգուտը շատ ավելի մեծ է, քան վնասը. «Վերացնում է անսպասելիության տարրը, վերացնում է թեստերում սխալների հավանականությունը: Բայց պետք է մենք բոլորս էլ հասկանանք, որ ցանկացած նոր բան, որ մուտք է գործում պրակտիկա, իր հետ անշուշտ պետք է բերի որոշակի ռիսկեր: Ռիսկերի հետ մենք առնչվեցինք անցած տարի, երբ որոշ առարկաների շտեմարաններում բավարար թվով առաջադրանքներ չկային և հիշողության վրա սովորողի մոտ այդտեղ անգիր անելու գործոնն է աշխատում: Երկրորդն էլ ծածկագրերն են: Մենք հայտնաբերում ենք աշակերտների մոտ ամբողջ շտեմարանները նկարած հեռախոսների կամ այլ սարքերի մեջ և քննության ժամանակ հեշտ է գտնել պատասխանը»:
Նա նշեց, որ այս տարի դիմորդների թիվը 12346 է: Այսինքն` մոտավորապես 1500-ով պակասել են անցած տարվա համեմատությամբ: Սակայն նկատվում են հետևյալ տենդենցները. «Մեծանում է քոլեջներ գնացողների թիվը: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը մի շարք հաջողված ծագրեր է իրականացնում միջին մասնագիտական կրթության ոլորտում` քոլեջների բարելավման համար: Եւ մենք Հայաստանում ներկայումս ունենք բավականաչափ լավ կահավորված, լավ մասնագետներով հագեցված քոլեջներ: Եւ շրջանավարտների մի մասը սկսկում են գիտակցել, որ այս պարագայում ավելի լավ է որոշակի արհեստի տիրապետես և քո գործն ունենաս, քան բարձրագույն բուհում կրթություն ստանաս` պարզապես դիպլոմի համար: Հաջորդ տենդենցը, որով պայմանավորված է դիմորդների պակասը այն է, որ տարեցտարի ավելանում է հոսքը դեպի ոչ հայկական բուհեր: Նկատի ունեմ` Սլավոնական համալսարան,Ամերիկյան համալսարան, Ֆրանսիական համալսարն և այլն: Սա լուրջ ահազանգ է ՀՀ-ի բուհերին, որպեսզի մերոնք սկսեն զբաղվել Հայաստանի բարձրագույն ուսումնական հասատտաությունների կրթության որակի էապես բարելավման ուղղությամբ»:
Անի Քեշիշյան