Պատերազմ կամ վասալություն
Այսօր Մայիսի 9-ն է` մեր հաղթանակների օրը, որի նշանակությունն ընդգծելու համար այն անվանում ենք եռատոն` Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Լեռնային Ղարաբաղի բանակի ստեղծման պատմական նշանակությունն արտահայտող տոն: Այսօր մենք կրկին հիշելու ենք մեր հաղթանակների, միասնականության, թշնամու քանակապես անհամեմատ մեծ բանակին հերոսական հոգու առավելությամբ ջախջախելու և այլ նման երևույթների մասին:
Դրանք բոլորն իսկապես կարևոր են, ինչպես որ կարևոր է տարին գոնե մեկ անգամ դրանց մասին խոսելը, ելույթներ ունենալը, ֆիլմեր ցուցադրելը: Բայց Հաղթանակի տոնը ոչ միայն հաղթանակներով հպարտանալու, հաղթանակներն ու դրանց ապահովողներին փառաբանելու, այլ նաև հաղթանակն իմաստավորելու կամ վերաիմաստավորելու օր պետք է լինի: Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ներքին ու արտաքին փոփոխությունների համատեքստում:
Անցած տարի մենք Մայիսի 9-ը նշում էինք միանգամայն այլ պետությունում, ավելի ճիշտ` միանգամայն այլ հեռանկար, ապագա ունեցող պետությունում, այս տարի` նշելու ենք բոլորովին այլ, ըստ էության, հեռանկարից զրկված, խորտակվող ապագա ունեցող երկրում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:
2013 սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանությունները հետևողական քայլերով նվազագույնի են հասցրել Հայաստանի ինքնիշխանությունը, որից ուղղակիորեն կախված է նաև Լեռնային Ղարաբաղի ապագան: Բայց այնպես չէ, որ ԼՂ իշխանություններն ընդդիմացել են, դա թույլ չտալուն ուղղված գործողություններ են կատարել: Ճիշտ հակառակը, Հայաստանից առաջ ընկնելով` ողջունել են ամենայն ռուսականը, այդ թվում` քեֆ-ուրախություն կազմակերպելով Ղրիմի բռնակցման առթիվ, մինչ այդ էլ լեռնային նավագնացի` հայտնի նամակը Պուտինին ուղարկած լինելով:
Այսինքն` տարվա մեջ մի օր մենք` փառաբանելով Շուշիի ազատագրումը, որը գրեթե նույնն է, ինչ Արցախի ազատագրումը, հիշելով դրա համար նահատակված մեր եղբայրներին, տոնական օրերից ազատ ժամանակ ամեն ինչ անում ենք` արժեզրկելու համար այն նպատակները, որոնց համար նրանք իրենց կյանքն են զոհել:
Այսինքն` իշխանությունն ու ոչ իշխանությունն իրենց գործողություններով ոչ միայն ուղղակի արժեզրկում, այլև անիմաստ են դարձնում այդ հաղթանակները:
Գուցե պատեհ չէ, սակայն, եթե խնդիրը դիտարկենք հայաստանյան քաղաքական ժամանակակից դարձվածաբանությամբ, ապա պետք է հարցնենք` հաղթել ենք, որ ի՞նչ անենք: Որ այդ հաղթանակով ձեռք բերված անկախությունը հանձնենք Ռուսաստանի՞ն, որ թաքուն ու բացահայտ երազենք Արցախը ռուսական ծայրագավառ դարձնելու մասի՞ն:
Մայիսի 9-ը իրականում նորանկախ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի պատմության ու գոյության համար ամենակարևոր նշանակությունն ունեցած օրն է, որը խորհրդանշում է մեր ամենավճռական հաղթանակը: Հաղթանակ, որին հնարավոր է եղել հասնել սեփական պետություն ունենալու ցանկությունն օտարի հանդեպ թուլակամությունից վեր դասելու կարողության, հողն արոտավայրից` հայրենիքի ու պետության վերածելու հավաքական կամքի շնորհիվ:
Բայց հաղթելով պատերազմում, մենք պարտվել ենք ինքներս մեզ, պարտվել ենք մեր փոքրոգությանն ու մեր ներքին վախին, պարտվել ենք առանց օտարի գոյատևելու անհնարինության ստրկամիտ մտայնությանը: Ի տարբերություն պատերազմում տարած պարտությունների, ժողովուրդների պատմությունը նման պարտությունները, որպես կանոն, չի ներում: Որովհետև նրանք, ովքեր հանձնվում են ազատության համար պայքարում, դատապարտված են անազատության` անգամ աշխարհի ամենաանկախ պետությունն ունենալու պարագայում…
Այսօր, թերևս, առավել քան երբևէ, հայ ժողովուրդը, առաջին հերթին` ՀՀ քաղաքացիներս, կանգնած ենք ինքներս մեզ հաղթելու մարտահրավերի առջև: Դա շատ ավելի բարդ է, քան ցանկացած, նույնիսկ` ամենազորեղ թշնամու հանդեպ հաղթանակը:
Իրականում մեր կռիվը, մեր պատերազմը պետք է լինի ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի, Եվրամիության կամ Մաքսային միության, այլ մեր պարտվողականության դեմ: Կկարողանա՞նք հաղթանակ արձանագրել այդ պատերազմում` Մայիսի 9-ը կնշենք` արդեն որպես քառատոն: Հակառակ դեպքում, արդեն հաջորդ տարի եռատոնը կարող է դառնալ միատոն` ինչպես այսօրվա իշխանության ներկայացուցիչների մեծամասնության համար` «հին ու բարի» ժամանակներում: