ԵՄ-ի հետ համագործակցությունը պետք է լինի փոխշահավետ. Մամեդյարով
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Ադրբեջանի ու Վիշեգրադյան խմբի երկրների (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա ու Հունգարիա) միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ դոլար: Այս մասին Բուդապեշտում երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանը տարածաշրջանում Վիշեգրադյան երկրների խոշորագույն առևտրային գործընկերն է, և որ նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը շարունակում է աճել: Մամեդյարովը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հենված է ընդհանուր շահերի ու առաջնահերթությունների փոխհամաձայնեցման վրա.
«Հնարավորություններ ստեղծելով «Հարավային գազային միջանցքի» իրագործման համար՝ Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել՝ ապահովելու ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը:
«Անդրանատոլիական» (TANAP) և «Անդրադրիատիկ» (TAP) խողովակաշարերը, որոնք շահագործման կհանձնվեն 4-5 տարի անց, կապահովեն Հարավային Եվրոպայում մեր գործընկերների ռազմավարական էներգետիկ պահանջարկը և հնարավորություն կտան հստակեցնել հետագա ծավալները՝ Կենտրոնական Եվրոպա արտահանելու համար: «Շահ Դենիզ 2»-ը նաև կմեծացնի Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը»: