Միլիարդատեր Արտակը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը (մականունը՝ «ՍԱՍ-ի Արտակ») 2013 թվականին դրամական ունեցվածքի բավականին լուրջ աճ է ունեցել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2013 թվականին պատգամավորի 1 միլիարդ 39 միլիոն դրամը, 141 միլիոն դրամով աճելով, դարձել է 1 միլիարդ 180 միլիոն 300 հազար դրամ: Արտակ Սարգսյանի արտարժույթով դրամական ունեցվածքը 252 հազար դոլարից նվազել է 194 հազար դոլարի:
Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 217 միլիոն դրամ և 39 հազար դոլար, որից 210 միլիոնը զուտ շահաբաժին է: Թե որ ընկերությունների գործունեությունից ստացված՝ նշված չէ: ՍԱՍ-ի Արտակը տարածքի վարձակալությունից 1,2 միլիոն դրամի եկամուտ է ստացել: Եվս 2,8 միլիոն դրամ եկամուտ Սարգսյանը ստացել է փոխառություններից: Փոխառություններից է ստացվել նաև արտարժույթով արտահայտված 39 հազար դոլար եկամուտը:
Հարկային տարվա ընթացքում 210 հազար դոլար և 1,8 միլիոն դրամ է հայտարարագրել պատգամավորի կինը՝ Էլվինա Սարգսյանը: Սա այն դեպքում, երբ տիկնոջ տարեկան եկամուտներն իրականում շատ համեստ են՝ 1720 դոլար և 1,5 միլիոն դրամ:
Պատգամավորական պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2012 թվականի հունիսի դրությամբ, ինչպես Սարգսյանը լրացրել է ներկայացված հայտարարագրում, Սարգսյանն ունեցել է 645 միլիոն 561 հազար դրամ և 25 հազար 230 ԱՄՆ դոլար: Արտակ Սարգսյանը հայտարարագրի «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 3 բնակելի տուն` 222.11 քմ ընդհանուր մակերեսով և 1 տարածք՝ 144.7 քմ մակերեսով: Պատգամավորը նաև հայտարարագրել է 5 ավտոմեքենա՝ Տոյոտա Պրադո, Մերսեդես Տ 550, Նիսսան Տիդա, Մերսեդես Տ 350 և Ռենջ Ռովեր Վոգ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի