Քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը. փոխվարչապետն ընդունեց ԶՖԳ պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը: Քննարկվեցին ՀՀ կառավարության եւ ԶՖԳ միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` անդրադարձ եղավ Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել ԶՖԳ ֆինանսական աջակցությամբ:
Փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ ԶՖԳ հետ համագործակցություն է ձեւավորվում մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են ջրամատակարարումը, գյուղատնտեսությունը: Նա ընդգծեց, որ կառավարությունը կարեւորում է ջրային պաշարների կուտակման նոր հնարավորությունների ստեղծումը, ինչն անհրաժեշտ է գյուղատնտեսության զարգացման համար:

«Ուստի այն ջրամբարները, որոնք կառավարությունը նախաձեռնել է կառուցել, էական նշանակություն ունեն մեզ համար: Այս առումով մենք հետեւողականորեն ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-նշեց փոխվարչապետը:

Նա տեղեկացրեց, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու լրացուցիչ շուրջ 200 մլն խմ ջուր ամբարելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, ինչը թույլ կտա կայուն ջրամատակարարմամբ ապահովել մշակվող հողակտորները, շրջանառության մեջ դնել չօգտագործվող հողատարածքներ, ինչպես նաեւ բարելավել համակարգի ֆինանսական հնարավորությունները՝ ջրամատակարարման մեխանիկական եղանակից անցնելով ինքնահոսի:
Զրուցակիցները քննարկեցին Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի իրագործելիության նախնական ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները:

Փոխվարչապետը կարեւորեց իրատեսական նախագծի պատրաստումը, որտեղ հաշվի կառնվեն հայկական կողմի բոլոր պահանջները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ուսումնասիրության արդյունքները լրացուցիչ կքննարկվեն, եւ վերջնական տարբերակը կներկայացվի հայկական կողմին: Ըստ հյուրերի՝ ջրամբարի կառուցման ծրագիրը նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարեվերջ ներկայացնել ԶՖԳ տնօրենների խորհրդի հաստատմանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս