Բուժքույրը կոնկրետ պատասխան չի ստացել՝ ինչն է դարձել 2,5-ամյա երեխայի մահվան պատճառը. «Ոչ ոք տեղյակ չի եղել ճշգրիտ»

2013թ. հունվարի 2-ին Արաբկիր բժշկական կետրոնում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց բժշկական կենտրոնի բուժքույր Սուսաննա Իսպիրյանը: Նա դատարանում հայտնեց, որ 2013թ. հունվարի 1-ին հերթապահել է հիվանդանոցի բոքսային բաժանմունքում, սակայն ինքը չի հսկել Լիա Միսակյանին, հետևաբար չի կարող մանրամասներ հայտնել երեխայի վիճակի վերաբերյալ:

Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք հունվարի 1-ին լաբորատորիայից ներքին հեռախոսով զանգ եղե՞լ է բաժանմունք, ինչին ի պատասխան վկան ասաց, որ ինքը չի պատասխանել լաբորատորիայից ստացված զանգին: Դատախազ Դավիթ Կարապետյանը նշեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ լաբորատորիայի բժիշկը իր ցուցմունքում հայտնել է, որ  ներքին հեռախոսով զանգահարել են բոքսային բաժանմունք և հայտնել, որ երեխայի արյան մեջ էական շեղումներ կան:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հարցին՝ արդյոք բուժքույրը հետաքրքրվե՞լ է՝ ինչն է դարձել երեխայի մահվան պատճառը, վկա Սուսաննա Իսպիրյանը պատասխանեց. «Չէի ասի, թե չեմ հետաքրքրվել, բայց կոնկրետ պատասխան չեմ ստացել, որովհետև ոչ ոք տեղյակ չի եղել ճշգրիտ»:

Պատասխանելով բժշկական կենտրոնի մանկաբույժ ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ Ս. Իսպիրյանն ասաց, որ Զարինե Այվազյանը, բացի բոքսային բաժանմունքից՝ սպասարկել է ևս երկու բաժանմունք, ինչպես նաև ընդունարանը:

Կարդացեք նաև

Բուժքույրն ի պատասխան պաշտպանի հարցին՝ նշեց, որ Զարինե Այվազյանը մի քանի անգամ զանգահարել և հետաքրքրվել հիվանդների վիճակի մասին:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի բուժքույրը՝ պատասխանելով Լ. Միսայանի հոր ներկայացուցիչ Ա. Սաքունցի հարցին, իր ծանրաբեռնվածությունը հունվարի 1-ին  գնահատեց «ծանր»՝ նշելով, որ այլ օրերին իրենց օգնում է նաև ցերեկային բուժքույրը, իսկ տոնական օրերին այդ բուժքույրերը չեն եղել (Լիա Միսակյանը բժշկական կենտրոն է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 31-ին, մահացել՝ 2013թ. հունվարի 2-ին):

Ամբաստանյալ Զ. Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ գործի նյութերում նշված է՝ ընդհանուր առմամբ բժիշկը 107 հիվանդ սպասարկել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին:

Տեսանյութեր

Լրահոս