Մարշալյան կղզիները դատի են տվել միջուկային պետություններին
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարշալյան կղզիները միջուկային իննյակի դեմ հայց են ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է Մարշալյան կղզիների արտգործնախարար Թոնի դե Բրումը.
«Մեր ժողովուրդը աղետալիորեն տուժել է և անդառնալի վնաս է կրել այդ զենքի պատճառով: Մենք երդվում ենք պայքարել, որ Երկրի վրա այլևս ոչ ոք վերստին չզգա դրա սարսափները».
Մարշալյան կղզիները «միջուկային ակումբի» երկրներին մեղադրել է միջազգային իրավունքը կոպտորեն ոտնահարելու մեջ: Հանարապետության իշխանությունների կարծիքով՝ այդ 9 երկրները շարունակ ընդլայնում են իրենց միջուկային պոտենցիալը, փոխանակ անեն հակառակը:
Մոտավոր գնահատականներով հաջորդ տասնամյակում միջուկային երկրներն իրենց զինանոցի կատարելագործման վրա ծախսելու են ավելի քան 1 տրիլիոն դոլար: Խաղաղօղկիանոսյան այդ հանրապետության (բնակչությունը՝ մոտ 53.000 մարդ) իշխանությունները մտադիր են հասնել ոչ թե փոխհատուցման, այլ՝ զինաթափման ուղղությամբ իրական գործողությունների:
Մարշալյան կղզիները մտադիր են դատական գործընթացում ներառել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին ու ԿԺԴՀ-ին, ինչպես նաև Իսրայելին, ով չի ընդունում իր մոտ միջուկային զենքի առկայությունը:
Մարշալյան կղզիներում միջուկային փորձարկումները մեկնարկել են 1946 թվականին: 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ը հանրապետության տարածքում իրականացրել է տարբեր հզորության 67 լիցքի փորձարկում: 1954 թվականին այստեղ իրականացվել է ամերիկյան «Բրավո» ջրածնային ռումբի փորձարկումը:
Պայթյունի հզորությունը համարժեք է եղել Հիրոսիմայի ու Նագասակիի վրա նետված հազար ռումբի պայթյունին: Այդ ամենի հետևանքով Մարշալյան կղզիների բնակիչները տառապում են քաղցկեղից, ինչը հանդիսանում է միջուկային փորձարկումների հետևանք: