Գործադուլ` լոկոմոտիվային դեպոյում. Գյումրի-Երևան ուղևորատար գնացքը չի մեկնել ժամանակին
Tsayg.am-ը գրում է. Գյումրի-Երևան ուղևորատար գնացքն 8:30-ի փոխարեն շարժվել է ժամը 10-ին: «Քրտնաջան աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն», «Մի ստիպեք, որ մեքենավարներս լքենք մեր աշխատանքը»:
Այս և նման կարգախոսներով վաղ առավոտից գործադուլ էին հայտարարել Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները: Գործադուլի մասին դեպոյի մեքենավարները նախապես տեղյակ պահել էին պատասխանատուներին` պահանջելով աշխատավարձի չափի վերանայում:
Նրանք գտնում են, որ կատարած աշխատանքի դիմաց նվազագույն վարձատրություն են ստանում: Մինչ այս գործադուլը լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գրավոր դիմում էին ուղղել «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին, շարադրել իրենց պահանջը: «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու կայարանի տնօրեն Վահան Գասպարյանն ասում է՝ Ռեբեցը խնդրին ծանոթացել և պատասխանել է: Այս գործադուլը նախազգուշական է,-տեղեկացնում են մեքենավարներն ու նշում, եթե հարցին հետամուտ չլինի ղեկավարությունը, իրենք կդիմեն այլ քայլերի:
Նշենք, որ ապրիլի 25-ի վաղ առավոտից գործադուլ էին հայտարարել ոչ միայն Գյումրու լոկոմոտիվային դեպոյի, այլ հանրապետության բոլոր կայարանների դեպոների մեքենավարները: