Եթե Էրդողանն իր հայտարարությունն աներ սրանից 10 տարի առաջ, ապա դա կարելի էր որակել անգամ «հեղափոխություն». Թաներ Աքչամ
Թուրքական Taraf թերթում հրապարակած իր հոդվածում թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Ռեջեփ Էրդողանի ուղերձին:
Իր հոդվածում Աքչամն ընդգծում է, որ թուրքերն արդեն նախկինը չեն և բավական փոխվել են՝ նկատի ունենալով վերջին հարյուրամյակում Հայոց ցեղասպանության պնդումների դեմ ամեն գնով պայքարելը: Աքչամի խոսքերով՝ Էրդողանի այդ ուղերձը շատ չմտահոգեց թուրքերին, քանի որ նրանք արդեն փոխվել են:
Հայոց ցեղասպանության եղելությունն ընդունող, այլախոհ Աքչամը հիշել է, որ երբ 1993 թվականին վերադարձել է Թուրքիա, բոլոր զայրացած էին նայում իր վրա, մինչդեռ դրանից 21 տարի անց վարչապետն է խոսում տվյալ խնդրի մասին:
Ընդգծելով, որ իրենք արդեն նախկինը չեն՝ Աքչամը գրել է, որ եթե վարչապետն իր այդ հայտարարությունն աներ սրանից 10 տարի առաջ, ապա դա կարելի կլիներ համարել անգամ որպես «հեղափոխություն»:
Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ 90 տարի ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայում 2002 թվականին «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո էլ վերջ չի տրվել այդ քաղաքականությանը:
Մեկնաբանելով Էրդողանի այն խոսքերը, թե իրենք պատրաստ են բացել օսմանյան արխիվները՝ Աքչամը նշել է, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող ամենակարևոր արխիվներից մեկը Գլխավոր շտաբի արխիվն է, որը, սակայն, բաց չէ հետազոտողների համար: