Ինձնից մենակ սատանեքն են վախենում». Վարդան Ղուկասյան. «ՀԺ»

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ պատասխանել է armtimes.com-ի հարցերին:

– Պարոն Ղուկասյան, այս օրերին անընդհատ խոսվում է, որ հնարավոր է դուք էլ պաշտոն ունենաք նոր կառավարությունում: հնարավո՞ր է ինչ-որ ձեւով ներգրավված լինեք այնտեղ:

– Ես հեչ մի բանից տեղյակ չեմ, հավատա ինձ: Ոչ մի բանից ես տեղյակ չեմ, ոչ էլ հետաքրքրվում եմ, ասեմ ձեզ: Ես ոչ հետաքրքրվում եմ, որ ինձ պաշտոն տան, ոչ որեւիցե մեկին մի հարցով դիմում եմ, ոչ դնում եմ, ոչ վերցնում եմ, ոչ էլ քաղաքականությամբ եմ զբաղվում, այլ ես զբաղվում եմ իմ հավատքով, իմ խղճով, աշխատատեղեր ստեղծելով, իմ բիզնեսով:

– Իսկ ձեզ չեն զանգե՞լ, առաջարկել ինչ-որ նոր պաշտոն:

– Չէ, աղջիկ ջան, ընդհանրապես: Նմանատիպ խոսակցություններ ընդհանրապես չկա: Չեմ էլ ուզում, որ լինի:

– Պարոն Ղուկասյան, դուք երեւի գիտեք, որ Սամվել Բալասանյանը զրահապատ մեքենա է գնել…

– Ըդիկ ո՞վ է, ո՞վ է ըդիկ, էդ Սամվել Բալասանյանը: Չեմ ճանաչում դրան: Մարդ կա՞ տենց:

– Ասում են, իր կյանքի համար ձեզնից է վախենում, դրա համար է գնել այդ զրահապատը:

– Ինձնից մենակ սատանեքն են վախենում: Լավ մարդը ինձնից ինչի՞ պիտի վախենա: Ո՞վ է ինքը, եղած-չեղած մի բան է, էլի: Ափսոս է Գյումրու քաղաքապետարանը, որ ժողովուրդը վրան գրել է «Կոտոշներ, սմբակներ գրասենյակ»:

– Քաղաքապետարանի շենքի վրա՞ են գրել:

– Ամբողջ քաղաքի ժողովուրդը քաղաքապետարանի վրա գրել է «Կոտոշների, սմբակների գրասենյակ»: Էն կինոն տեսե՞լ եք, «Ոսկե ցլիկը», «Կոտոշների, սմբակների գրասենյակը» ինչ շուտ փակվեց: Դե, հիմա ճակատագիր է, իրա հերն էլ անիծած: Ժողովուրդը իմ կառույցի վրա գրել է Գյումրու քաղաքապետարան, այնտեղ գրել է «Կոտոշների, սմբակների գրասենյակ»:

– Ձեր տղայից էի ուզում հարցնել…

– Տո, ի՞նչ գործ ունես իմ տղայից:

– Նրա հետ կապված քրեական գործերը ի՞նչ փուլում են:

– Ի՞նչ գործ, ի՞նչ բան, ի՞նչ տելեվիզոր, ի՞նչ խալադելնիկ:

– Դուք Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ երբ եկեղեցում հանդիպել էիք, դրանից հետո նոր հանդիպում չե՞ք ունեցել:

– Քեզ ի՞նչ ընդհանրապես, դու ինչի՞ ես այդպես բաների մեջ խառնվում, քո ի՞նչ գործն է: Ընդհանրապես, ձեր ի՞նչ գործն է: Ես, օրինակ, ձեզ հարցնո՞ւմ եմ` ում հետ եք հանդիպում, ինչ եք անում, քո էդ շեֆդ էդ ի՞նչ սկայպ է, ում է հանդիպում, ինչ է անում: Բան ու գործ չունե՞ք, այ մարդ, գնացեք ձեր գործերով զբաղվեք, թողեք մենք էլ մեր գործերով զբաղվենք:

– Փաստորեն, եկեղեցու հանդիպումից հետո չեք հանդիպել:

– Չէ, ազիզ ջան, չէ, նիխտ, նայն, յոխ: Եկեք, տեսեք ինչ արտադրություն ենք դնում, ինչ լավ բաներ ունենք` պանիր, սմետան: Արեք, տեսեք, սովորեք, էլի:

– Ձեր քաղաքապետարանը…

– Ես քաղաքապետարան չունեմ:

– Ասացիք` ձեր կառույցի վրա գրել են` քաղաքապետարան:

– Ժողովուրդն է ասում, ես չեմ:

– Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում, որ քաղաքականությամբ չեք զբաղվում, բիզնեսո՞վ:

– Արջ բռնելով: Արջ բռնելով»:

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս