Կառավարական բուքմեյքեր. «ՀԺ»

«ՀԺ»-ն իր այսօրա խմբագրականում գրում է. «Քանի որ քաղաքական շրջանակների քննարկման հիմնական թեման այն է, թե նախարարներից ով կնշանակվի, ով` ոչ, ստորև ներկայացնում ենք չնշանակված և նախարարի պաշտոնակատարի դերում գտնվողների ցուցակը, 10 բալանոց սանդղակով գնահատելով նրանց վերանշանակման հավանականությունը:

Արմեն Գևորգյան, տարածքային կառավարման նախարարի ևփոխվարչապետի պաշտոնակատար – Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակման հավանականությունը՝ 8 բալ, փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու հավանականությունը՝ 5 բալ: Կարծում ենք, փոխվարչապետի պաշտոնի նույնքան հավանական հավակնորդ է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Սարգսյան, ֆինանսների նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 2: Սարգսյանը կառավարությունում հայտնվել էր Տիգրան Սարգսյանի սանիկը լինելու բերումով: Հովիկ Աբրահամյանը նրան կառավարությունում պահելու ոչ մի պատճառ չունի, չնայած՝ չի բացառվում, այսպես ասած, խաբս տա և նրան պահի կառավարությունում, որպես ժեստ՝ Տիգրան Սարգսյանին: Նման հավանականությունը, սակայն, չափազանց ցածր ենք գնահատում, մանավանդ, որ Դավիթ Սարգսյանի համար ճիշտ չի լինի Տիգրան Սարգսյանից հետո մնալ կառավարությունում:

Հրայր Թովմասյան, արդարադատության նախարարի պաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 5: Նման ոչ բարձր բալը ունի պատճառներ: Հրայր Թովմասյանի նախարարական շրջանը նշանավորել է բոլորին կառավարության դեմ լարելու բացառիկ ընդունակությամբ:

Այսպես ասած քաղաքացիական սեկտորից հայտնվելով կառավարությունում` նա Հռոմի պապից կաթոլիկի կերպար ձևավորեց իր շուրջ՝ չափազանց արագ, և շուտով դարձավ բացասական էներգիայի կրող: Այսուհանդերձ, նրա վերանշանակումը անհնար համարել չի կարելի
Դերենիկ Դումանյան, առողջապահության նախարարի պաշտոնակատար- Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 9: Դումանյանի որդին ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Հովիկ Աբրահամյանի կողմից, ինչը նշանակում է, որ Դումանյանը ոչ մի պրոբլեմ չունի ո՛չ Աբրահամյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հետ:

Յուրի Վարդանյան, սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 2: Հովիկ Աբրահամյանը կցանկանա Վարդանյանին չտեսնել նոր կառավարությունում, որովհետև նրա ներկայությունը ինքնին լարելու է ԲՀԿ-ի հարաբերությունները կառավարության հետ:

Վարդանյանի շանսերը նվազում են նաև որդու թմրադեղային սկանդալի պատճառով:

Հրանուշ Հակոբյան, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար – Որքան էլ շատ է խոսվում Հակոբյանի հեռանալու հնարավորության մասին, նրա վերանշանակման հնարավորությունը գնահատում ենք 7: Հրանուշ Հակոբյանը հայտնի է ներիշխանական ցնցումներից անվնաս դուրս գալու ընդունակությամբ:

Արամ Հարությունյան, բնապահպանության նախարարիպաշտոնակատար – Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 4: ԱԺ-ում վերջերս տեղի ունեցած քննարկման ժամանակ, խորքային հորերի հարցով Հարությունյանը հաջողացրեց բախվել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների և Հովիկ Աբրահամյանի թիմակիցների հետ:

Արմեն Մովսիսյան, էներգետիկայի նախարարի պաշտոնակատար -Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 7` Մոսկվայում և Երևանում ունեցած կապերի պատճառով: Մովսիսյանը էներգետիկայի նախարար է 2001 թվականից և Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաերկարակյաց նախարարն է:

Արտեմ Ասատրյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարիպաշտոնակատար – Ասատրյանը, ասում են, բարեկամական կապեր ունի Հովիկ Աբրահամյանի հետ, ինչը բարձրացնում է նրա վերանշանակման հավանականությունը: Գնահատում ենք՝ 7:
Սերգո Կարապետյան, գյուղատնտեսության նախարարիպաշտոնակատար – Չնայած Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած կապերին, Կարապետյանի նախարարական դիրքերը ամուր չեն: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը ավելի լավ թեկնածու է փնտրում, և միայն չգտնելու դեպքում կվերանշանակի Կարապետյանին: Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 5:

Արմեն Աշոտյան, ԿԳ նախարարի պաշտոնակատար – Աշոտյանը ՀՀԿ փոխնախագահ է, վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 8:
Սամվել Թադևոսյան, քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար- Իշխանությունը, անշուշտ, պետք է գնահատի ՕԵԿ-ից դուրս գալու Թադևոսյանի քայլը: Թադևոսյանը, սակայն, նախորդ կառավարության թերևս ամենագորշ նախարարն է: Վերանշանակման հավանականությունը գնահատում ենք 3»:

Լուսանկարը` «ՀԺ»-ի:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս