ԱՄՆ-ը որոշել է վերսկսել Եգիպտոսին Apache գրոհիչ ուղղաթիռների մատակարարումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են վերսկսել Եգիպտոսին Apache գրոհիչ ուղղաթիռների մատակարարումը, ինչը կասեցվել էր նախորդ տարի՝ կապված Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության հետ:
Պենտագոնի ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը տվյալ որոշման մասին իրազեկել է իր եգիպտացի գործընկեր, գեներալ-գնդապետ Սեդկի Սոբհիին.
«Նախարարն ընդգծել է, որ մենք հուսով ենք, որ այդ նոր ուղղաթիռները Եգիպտոսի կառավարությանը կօգնեն ԱՄՆ-ի, Եգիպտոսի ու Իսրայելի անվտանգությանը սպառնացող ծայրահեղականների դեմ պայքարում»:
2013 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել Եգիպտոսին 10 հատ Apache ուղղաթիռի, ապա նաև հրթիռների ու տանկերի պահեստամասերի մատակարարումը: ԱՄՆ-ը տարեկան 1.5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Եգիպտոսին: