Հովիկ Աբրահամյանը կազմաքանդում է «Հրաշալի քառյակը»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ տեղի ունեցած հանդիպումը կարելի է հերթական հարվածը համարել «Հրաշալի քառյակին»: Հանդիպումից հետո դաշնակցականները չկարողացան զսպել հիացմունքն առ Հովիկ Աբրահամյանի կառուցողականություն՝ ընդհուպ հայտարարելով, թե Հովիկ Աբրահամյանը խոստացել է ամբողջությամբ չեղյալ համարել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ոգևորությունը՝ տարբեր չափաբաժիններով, առկա էր նաև հանդիպմանը մասնակցած մյուս չորս ուժերի ներկայացուցիչների մոտ:

Իսկ հանդիպմանը հրաշալի քառյակից մասնակցել է եռյակը՝ ոչ այնքան հրաշալի՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Հովիկ Աբրահամյանի մոտ ՀԱԿ-ին, ըստ էության, փոխարինել է ՕԵԿ-ը՝ որոշակիորեն խորհրդանշական դարձնելով ներկայիս գործընթացներն ու քառյակի հիմնական ուժերի ուրվագծվող տեսլականը:

Իսկ ՀԱԿ կուսակցությունը ոչ միայն չի ընդունել նորանշանակ վարչապետի կառուցողական հրավերը, այլ, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի շուրթերով, այդ հանդիպումը որակել է՝ որպես անհեթեթություն: Նա ասել է, որ ի սկզբանե հայտարարել են, որ օրենքի հայտնի դրույթները հակասահմանադրական են, և, եթե կառավարությունն օրինագիծ կբերի, որով կվերացվի հակասահմանադրականությունը, իրենք կողջունեն:

Այսպիսով, իշխանությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, հերթական անգամ կանխում է քառյակի նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ ոչ իշխանական չորս ուժերը նախ՝ հայտարարել էին, որ ապրիլի 28-30-ն ԱԺ քառօրյայում հանդես են գալու կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ:

Ի սկզբանե քառյակի անդամները հայտարարում էին, որ խորհրդարանական այդ գործընթացն ուղեկցվելու է եռօրյա հանրահավաք-նստացույցով: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հրաժարական տվեց, կամ Սերժ Սարգսյանն ինքը պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին, ինչից հետո քառյակի «փաթեթից» վարչապետի անվստահության հարցն ինքնաբերաբար դուրս եկավ՝ քառյակի օրակարգից հանելով նաև շուրջօրյա հանրահավաք անցկացնելու հարցը: Մնացել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը, դրանով էլ «զբաղվում» է Հովիկ Աբրահամյանը:

Թե ինչ առաջարկությամբ հանդես կգա կառավարությունը հաջորդ երկուշաբթի, դժվար է ասել: Բայց եթե դաշնակցականների ոգևորությունները համապատասխանում են իրականությանը, ապա կառավարությունն ԱԺ կարող է բերել անգամ ՀԱԿ-ի «ողջույնին» արժանի նախագիծ: Եթե դա տեղի ունենա, ապա դրանից երեք օր հետո՝ հայկական ավանդույթներով, կարելի է կազմակերպել «Հրաշալի քառյակի» հուղարկավորությունը: Քանի որ քառյակն այլևս անելիք չի ունենա:

Ոչ թե այն պատճառով, որ երկրում անելիք չկա, այլ՝ որովհետև քառյակի ուժերից առնվազն երկուսը, բայց հիմնականները՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, կհասնեն իրենց պայքարի «վերին առաստաղին»: Այսքանից հետո պայքարը, հետևաբար՝ նաև քառյակի ձևաչափը պահպանելու ընդամենը մեկ հնարավորություն կա. պայքարը՝ նախագահի հրաժարականի պահանջով: Սակայն այդ հարցի բարձրացումը ԲՀԿ-ականներին ու ՀՅԴ-ականներին հանում է ոչ միայն հունից, այլ կարող է վերջնականապես հանել քառյակից:

Հենց դա է իշխանությունների ընթացիկ գործողությունների նպատակը: Ընդ որում, դրանով արդեն զբաղվում է Հովիկ Աբրահամյանը: Սերժ Սարգսյանը՝ վարչապետի փոփոխությամբ այդ հարցն իջեցրեց առնվազն մեկ հարթությունով: Արդեն անգամ Հովիկ Աբրահամյանն է ունակ կատարելու այնպիսի քայլեր՝ սեփական նախաձեռնությամբ կամ թելադրված, որոնք հանգեցնում են քառյակի գործունեության բնական դադարեցմանը: Իսկ որքան գեղեցիկ էր ամեն ինչ հնչում սկզբից: Որքա՜ն ոսկեգույն էին Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակի բազկաթոռներն, ու որքա՜ն շողշողուն էին քառյակի հույսերը:

Այս պատմության մեջ բազմաթիվ ուշագրավ կողմեր կան: Դրանցից մեկն այն է, որ քառյակի «համախմբված պայքարի» արդյունքում վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղված է քառյակի հիմքերի կազմաքանդմամբ: Նրան այդ հարցում ամենամեծ օգնությունը, ի դեպ, կարող է ցույց տալ երբեմնի քրեաօլիգարխիկ համակարգի և ներկայիս ոչ իշխանական ուժերի հենասյուներից մեկը համարվող «Բարգավաճ Հայաստանը»: Արդեն 3 տարի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան փորձում էր պոկել իշխանությունից, ինչը կարծես թե ստացվեց, կամ, որ ավելի ճիշտ է՝ իշխանությունն ու ԲՀԿ-ն ցույց տվեցին, թե իբր ստացվեց: Հիմա ԲՀԿ-ին պոկում է Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ՝ «Հրաշալի քառյակից»:

Տեսանյութեր

Լրահոս