ԱԺ նիստերը՝ երկու շաբաթը մեկ և եռօրյա ռեժիմով

ԱԺ «Ժառանգություն» խմակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ, և քառօրյաների փոխարեն դրանք դարձնել եռօրյա:

Երկու շաբաթը մեկ նիստ գումարելու անհրաժեշտությունը նրանք հիմնավորել են ԱԺ աշխատանքներն ավելի դինամիկ դարձնելու անհրաժեշտությամբ, իսկ քառօրյայից եռօրյա անցնելու անհրաժեշտությունը բացատրել են, քառօրյայի վերջին նիստի ցածր արդյունավետությամբ:

Կառավարությունը, ըստ էության, համաձայն է այս փոփոխությանը`անհրաժեշտ համարելով ԱԺ աշխատանքները ավելի դինամիկ դարձնելու գաղափարին, ավելացնելով, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրենքների նախագծեր, որոնք դեռ չեն քննարկվել եւ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները»: Սակայն կառավարությունը մի քանի վերապահումներ ունի առաջարկվող փոփոխությունների նկատմամբ:

Մասնավորապես՝ կառավարությանը մտահոգում է այն հարցը, թե արդյոք այդ ռեժիմի անցնելու դեպքում չի տուժի մշտական հանձնաժողովների աշխատանքը և արդյոք պատգամավորները բավարար ժամանակ կունենա՞ն ծանոթանալու առաջարկվող օրենսդրական փոփոխություններին: Կարծում ենք՝ այս մտահոգությունները բացարձակ անտեղի են. այն պատգամավորները, որոնց հետաքրքրում է օրենսդրական փոփոխությունները անպայման կհասցնեն ծանոթանալ դրանց, անգամ եթե նիստերը գումարվեն ամեն շաբաթ:

Իսկ պատգամավորների ճնշող մեծամասնությունը հինգ տարվա ընթացքում նույնիսկ մի օրենքի նախագծի չեն ծանոթանում և քվեարկում են ըստ իրենց խմբակցությունների ղեկավարների տված ցուցման: Հիշեցնենք, որ ԱԺ-ն մինչև 2004թ. աշխատել է <Ժառանգության> կողմից առաջարկվող ռեժիմով:

 

Տեսանյութեր

Լրահոս