ՌԴ-ն արգելել է ավելի քան 600.000 օտարազգու մուտքը, թեև երկիրը կարիք ունի ոչ որակյալ աշխատակիցների. Մեդվեդև
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայում ունեցած ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանն արգելել է իր տարածք ավելի քան 600.000 օտարազգու մուտքը, թեև երկիրը կարիք ունի ոչ որակյալ աշխատակիցների և մասնավորապես դռնապանների (բակապան):
Մեդվեդևի խոսքերով՝ դա զգալի թիվ է, ինչի մասին արտահայտվել են նաև իրենց գործընկերները՝ հույս ունենալով, որ այդ որոշումներն ամեն դեպքում կվերանայվեն:
Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանական մարմինները միգրացիայի ոլորտում հայտնաբերել են գրեթե 800.000 խախտում, ինչը խոսում է այն մասին, որ պետությունը կոշտ վերահսկողության տակ է առնում միգրացիոն հոսքերը.
«Բազմաթիվ միգրացիոն գործընթացները մտահոգություններ են առաջացնում ռուսների մոտ, սակայն մյուս կողմից էլ Ռուսաստանը շահագրգռված է ոչ միայն որակյալ մասնագետների, այլև՝ դռնապանների գալստյան մեջ:
Մեզ մոտ, ինչպես և այլ երկրներում, ոչ ոք չի ցանկանում աշխատել որպես դռնապան: Մեզ մոտ բարձրացել է բարեկեցության մակարդակը, ինչի համար էլ մարդիկ չեն ցանկանում զբաղվել ոչ որակյալ աշխատանքով»:
Ներկայումս Ռուսաստանի տարածքում ներգաղթյալների քանակը կազմում է ավելի քան 11 միլիոն մարդ, որի մեծ մասը ժամանել է ԱՊՀ երկրներից (1.5 միլիոն Ուկրաինայի քաղաքացի):