Բաժիններ՝

Գեներալները հայտարարագրեր չեն ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը 2013 թ-ի գույքի ու եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Համենայն դեպս նրանց էջերում «խնամքով» ներկայացված են պատգամավորների հետ փոխկապակցված անձանց անունները, բայց բացակայում են թե´ գեներալների և թե´ նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը:

Գեներալները, հիշեցնենք, բավականին հարուստ են: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մանվել Գրիգորյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել էր 2 բնակելի տուն (ընդհանուր մակերեսը՝ 1422.9 քմ), 3 հողատարածք (28.03 հա), 2 ավտոմեքենա («Ֆորդ էկոնոլին» և «ԳԱԶ-12»), 100% բաժնեմաս «Կուարլինի» ՍՊԸ-ում: Նախքան ԱԺ-ում աշխատանքի անցնելը Մանվել Գրիգորյանի տարեկան եկամուտը կազմել է 147 մլն 995 հազ. 510 դրամ (զինվորական թոշակ, շահաբաժին), բանկում ունեցել է 3 մլն 900 հազար դրամ:

Սեդրակ Սարոյանը 2012 թ-ին հայտարարագրել էր 6 բնակելի շինություն (ընդհանուր մակերեսը՝ 2796.55 քմ) և 10 հողամաս (2.2686 հա), այդ թվում՝ 1-ական տուն Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, և ոչ գյուղ.նշանակության 2 հողատարածք` Ազատության պողոտայում,  «Համմեր H2» մակնիշի 1 մեքենա: ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ԱԱ և ՆԳ մշտական հանձնաժողովի անդամ Ս.Սարոյանի բանկային հաշիվներին 2012 թ. մարտի 1-ի դրությամբ կար 47 մլն դրամ և 884.94 դոլար: Նրա եկամտի աղբյուրը ԱԺ-ից ստացած մոտ 3 մլն դրամ աշխատավարձն էր, մոտ 48.9 մլն դրամ օտարված գույքից և նույն անձից 3 անգամ վերցված ընդհանուր 1 մլրդ 560 մլն դրամ վարկը: Սարոյանը ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Սարկոպ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության 33% բաժնետերն է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս