
Կողմնակի դիտորդի համար կարող է տպավորություն առաջանալ, որ վթար տեղի չի ունեցել և մենք ընդամենը բերել ենք, մարդ ենք դատում». դատախազ

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործի քննության ընթացքում նրա պաշտպանի միջնորդությամբ քրեական գործին կցվեցին նաև որոշակի լուսանկարներ, որոնք արվել էին դեպքի օրը:
Դատական նիստի ընթացքում տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտարարություն արեց, որ ապրիլի 4-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացնելիս դատական նիստի նախապատրաստման մասում հրապարակել է դեռևս չհարցաքննված վկաների ցուցմունքների հատվածներ, որով խախտել է օրենքի պահանջները:
Ռ. Բալոյանը նշեց, որ հակված չէ մտածելու, թե պաշտպանական կողմը «միամտաբար» է խախտել օրենսգրքի պահանջները. «Տուժող կողմը հակված է մտածելու, որ այս ամենն արվում է լրատվամիջոցների համար, որով ժամանակից շուտ փորձ է արվում ձեռք բերել զոհի կարգավիճակ»: Ռ. Բալոյանի խոսքով՝ հիշյալ խախտումը փորձ արեց կանխել դատարանը՝ ընդհատելով պաշտպանին և պահանջելով միջնորդությունները այնպես կառուցել, որ չխախտվեն օրենքի պահանջները, սակայն, պաշտպանը շարունակել է. «Արդյունքում տուժող կողմը ստիպված է եղել իր հերթին խոչընդոտել դատական նիստի բնականոն ընթացքը և միջամտել, որպեսզի դատարանի կողմից կասեցվեն պաշտպանի կողմից ապօրինի գործողությունները, որին հետևեց տուժող Հայկ Հակոբյանի և դահլիճում ներկա գտնվող նրա հարազատների արդարացի վրդովմունքը:
Փաստացի, պաշտպանական կողմի անօրինական գործողությունների շնորհիվ էլ դատարանը կիրառեց սանկցիա տուժող կողմի նկատմամբ՝ Հայկ Հակոբյանին և նրա ազգականին հեռացնելով դահլիճից: Ըստ էության, պաշտպանական կողմին արվեց երեք դիտողություն, իսկ արդյունքում պատժվեց տուժող կողմը: Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում ենք, որ դատվարությունն իրականացվի օրենքի տառի պահպանմամբ, ժամանակին կասեցվեն կողմի անօրինական գործողությունները և թույլ չտրվի, որպեսզի դատավարությունն ընթանա պաշտպանական կողմի համար ցանկալի տարբերակով»:
Դատական նիստի ընթացքում Ն. Բաղդասարյանը միջնորդեց նաև կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել Վ. Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Նրա խոսքով՝ Կոտայքի մարզպետի՝ իր դիմումին տրված պատասխանից հետևում է, որ վթարի վայրը գտնվում է բնակավայրից դուրս: Ըստ Ն. Բաղդասարյանի՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ Վ. Պետրոսյանը ավտոմեքենան վարել է 71կմ/ժ արագությամբ, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների՝ բնակավայրից դուրս երթևեկությունը թույլատրվում է 90 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ.
«Վերը նշված կետերի համադրումից հետևում է, որ Վարդան Պետրոսյանին մեղսագրվող 71 կմ/ժ արագությունը թույլատրելի արագություն է ավտոմեքենան վարելու համար, հետևաբար՝ Վ. Պետրոսյանը թույլ չի տվել ՃԵԿ 65-րդ կետի խախտում»:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի և 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջների ենթադրյալ խախտման համար մարդուն չի կարելի պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով այն պարզ պատճառով, որ Քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը խախտելու համար:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ Ն. Բաղդասարանը ներկայացրել է որոշակի փաստաթղթեր, միջնորդել դրանց կցել գործին և հետազոտել և դրանից ընդամենը 15-20 րոպե անց՝ համարելով, որ դրանք արդեն իսկ հավաստված և հաստատված ապացույցներ են, միջնորդություն է հարուցել իր ներկայացրած փաստաթղթերում նշված հանգամանքները հիմք ընդունելով կարճել քրեական գործը.
«Գտնում եմ, որ նախ այդ միջնորդությունը հիմա քննարկելու որևէ հնարավորություն չկա, քանի որ պետք է հետազոտվեն գործի ապացույցները, դրանց հիման վրա դատարանը կգա համապատասխան հետևության:
Տպավորություն է ստեղծվում, որ գործում առկա էին միայն պարոն Բաղդասարյանի ներկայացրած փաստաթղթերը, նախաքննության մարմնի կամ դատարանի անհրաժեշտություն ընդհանրապես Հայաստանում չկա, պարոն Բաղդասարյանը ինքը որոշում է, որն է ճիշտ, որն է սխալ և այդ ուղղություն էլ առաջադրում: Կողմնակի դիտորդի համար անգամ կարող է տպավորություն առաջանալ, որ վթար տեղի չի ունեցել և մենք ընդամենը բերել ենք, մարդ ենք դատում»:
Ա. Սարգսյանն ասաց, որ պետք է հետաձգել միջնորդության քննարկումը: Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ եթե միջնորդությունը ներկայացվեր դատաքննության ավարտին՝ ինչ-որ տեղ կարելի էր ընդունել այն, եթե համարեին, որ նշված փաստերն արդեն ապացուցված են. «Ներկա պահին միջնորդությունն ընդհանրապես անհիմն է»:
Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը: