Թուրքիան մտադիր է գազային զեղչ ստանալ Ռուսաստանից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայաի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըկդըզը հայտարարել է, որ Անկարան մտադրվել է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվածության գալ գազային զեղչ ստանալու հարցում:

Յըլդըզի խոսքերով՝ ռուսական կողմի հետ կնքած պայմանագիրն իրենց իրավունք է տալիս գազի գնի վերանայման հարց առաջ քաշել: Յըլդըզն ընդգծել է, որ Ռուսաստանի Թուրքիայի խոշորագույն գազամատակարարն է, և որ Թուրքիան ռուսական գազ է ստանում «Արևմտյան» (Անդրբալկանյան) և «Երկնագույն հոսք» (Սև ծովի հատակով) գազատարներով:

Յըլդըզը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան Ուկրաինայի դեպքերի պատճառով կարող է զրկվել «Արևմտյան» գազատարով գազի մատակարարումներից, որով երկիրը ստանում է գազի 12.5 տոկոսը: Յըլդըզը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն ունակ են համաձայնության հասնելու Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները շարունակվելու հարցում:

Չի բացառվում, որ ռուսական գազի գնի զեղչի հարցը քննարկվի «Գազպրոմի» ղեկավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Մեդվեդևի թուրքական այցի ժամանակ, որում քննարկվելու են նաև «Հարավային հոսք» գազատարը Թուրքիայի եվրոպական հատվածով (ցամաքով) անցկացնելու հեռանկարները: Սակայն «Գազպրոմում» գործակալության աղբյուրները հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում գազային զեղչի թեման քննարկել թուրքական կողմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս