Թուրքիայի զինված ուժերը սահմանային անվտանգության ապահովման հարցում անցում են կատարում «ամերիկյան մոդելի». Vatan
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերն ահաբեկչության դեմ պայքարի ու սահմանային անվտանգության շրջանակներում դիմում են իրենց համար աննախադեպ քայլի՝ անցում կատարելով «ամերիկյան մոդելին»: Խոսքը գնում է տվյալ գործընթացները դիրժաբլերով իրականացնելու մասին:
Դիրիժաբլերով համակարգը փորձարկում է անցնելու այս տարի և հաջողության դեպքում 2015 թվականից Թուրքիայի ցամաքային զորքերի կազմում կհիմնվեն սահմանների անվտանգության համար պատասխանատու զորամիավորումներ:
Ընդգծվում է, որ դիրիժաբլերը հետևելու են ահաբեկիչների ու մաքսանենգների տեղաշարժերին, ինչը մասնավորապես վերաբերվում է Սիրիայի ու Իրաքի հետ Թուրքիայի սահմաններին:
Հելիում գազով գործող և հեռակառավարվող այդ դիրիժաբլերն ունակ են գիշեր և ցերեկ 4-10 կիլոմետր բարձրությունից և 7-8 կիլոմետր շառավղով որսալ ամեն տիպի շարժում: Ընդգծվում է, որ ի տարբերություն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), դիրիժաբլերն ավելի պակաս ծախսատար են և ավելի պակաս ռիսկային:
Բացի այդ, դիրիժաբլերը կարող են շաբաթվա 7 օրը՝ 24 ժամ շարունակ, դիտարկում անցկացնել տարածաշրջանում, որով նրանք նույնպես առավելություն են ստանում ԱԹՍ-երի նկատմամբ: Նշվում է, որ սահմանային անվտանգության նպատակով դիրիժաբլերից մեծապես օգտվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան: