«Դ!եմ եմ»-ը դիմակազերծում է հրաշալի քառյակին

«Հրաշալի քառյակը» ներկայացնող ոչ իշխանական ուժերը, փաստորեն, գոնե այս պահին հայտարարվածով՝ մաս չեն կազմելու կառավարությանը: Դա, ինչպես քառյակը, այնպես էլ՝ դրան մաս կազմող ուժերն առանձին-առանձին, ներկայացնում են՝ որպես կարևոր սկզբունքային դիրքորոշում:

Սակայն կառավարությանը մաս չկազմելն իսկապես սկզբունքային և կարևոր մոտեցում կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ հայտնի լինի, թե ինչ է քառյակը պատրաստվում անել հետո, որն է լինելու հաջորդ քայլը: Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ եթե կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջի շուրջ համախմբված ուժերը վարչապետի հրաժարականից հետո մաս չեն կազմում նոր կառավարությանը, ապա հաջորդ տրամաբանական և քաղաքական քայլը պետք է լինի նախագահի պաշտոնանկության հարցի բարձրացումը:

Սակայն քառյակի ուժերից երկուսը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ամեն առիթ օգտագործում են հայտարարելու համար, որ այդ հարցն իրենց օրակարգում չկա: Իսկ ի՞նչ կա քառյակի միասնական օրակարգում: Դեռևս մինչև վարչապետի հրաժարականը քառյակը հայտարարել էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացնելու է ԱԺ-ի՝ ապրիլի 28-30-ի քառօրյայում՝ զուգահեռաբար երեք օր շուրջօրյա հանրահավաք-նստացույց անցկացնելով Ազատության հրապարակում:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, բնականաբար, ԱԺ-ում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն ինքնաբերաբար դուրս եկավ, սակայն առկախված մնաց հանրահավաքների մասին հայտարարությունը:

Սկզբում քառյակի որոշ անդամներ հայտարարեցին, թե հանրահավաքը կկայանա, սակայն ոչ թե՝ երեք օր ու շուրջօրյա, այլ մեկ օր՝ ամենայն հավանականությամբ, հենց ապրիլի 28-ին ու մի քանի ժամով: Վերջին օրերին, սակայն, «լղոզվում» է նաև ապրիլի 28-ի հանրահավաքի հարցը: Համենայնդեպս, ապրիլի 16-ին քառյակի նիստում դրա անդամներն այդպես էլ որևէ որոշակիություն չեն մտցրել այդ հարցում, ու այս պահին այդ հանրահավաքի կայացման հավանականությունը, լավագույն դեպքում, այնքան է, որքան՝ տապալմանը:

Բայց մինչ քառյակն իշխանության հետ ստվերային գործարքների ու հրապարակային մերժումների մթնոլորտում չի կողմնորոշվում՝ անե՞լ հանրահավաք, թե՞ ոչ, նրանց, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դրել «Դ!եմ եմ» շարժումը: Վերջինս  տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է.

«Ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26: ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը և կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:

Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց»: «Դ!եմ եմ»-ն այսպիսով կարծես նաև ուղղում է այն սկզբունքային սխալը, որ թույլ տրվեց մարտի 28-ին՝ ՍԴ-ի որոշման օրը Սահմանադրական դատարանի դիմաց «լուռ ակցիա» կազմակերպելով և քաղաքական ուժերին կոչ անելով՝ չխանգարել իրենց ու չխախտել «լռությունը»:  «Դ!եմ եմ»-ի այս ակցիան կարող է դառնալ ոչ իշխանական ուժերի իշխանական լինել-չլինելու լավագույն կատալիզատորը:

Կմասնակցե՞ն արդյոք քառյակի ուժերը քաղաքացիական նախաձեռնության այս ակցիային, որին հղում են կատարում ՝վարչապետի հրաժարականը որպես հաղթանակ ներկայացնելիս:

Չմասնակցության որևէ բանական ու քաղաքական հիմնավորում քառյակը չի կարող ներկայացնել, քանի որ կառավարությանը մաս չկազմելու քայլի հիմնավորումներով բացառել է այդ հնարավորությունը: Ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀՅԴ-ն կոալիցիային մաս չկազմելու առաջարկը մերժելու իրենց քայլերը, ի թիվս այլ պատճառների, բացատրում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումները շարունակելու մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ: Նրանք ասում են, որ չեն կարող մաս կազմել մի կառավարության, որն օր առաջ չի կասեցնում երիտասարդներին թալանող այդ օրենքի գործողությունը:

Երիտասարդները շաբաթ օրը գնում են այնտեղ, որտեղ որոշվում է՝ օրենքը կասեցնե՞լ, թե՞ չկասեցնել: Կգնա՞ն Բաղրամյան 26 նաև ոչ իշխանական ուժերը: Մեծ հավանականությամբ՝ ոչ: Որովհետև այնտեղ է որոշվում ոչ միայն պարտադիր կուտակային համակարգի կասեցման կամ կիրառման, այլև ոչ իշխանական ուժերի՝ պայքարը շարունակելու կամ կասեցնելու հարցը: Հակառակն ապացուցելու համար ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ի առաջնորդությամբ, ապրիլի 18-ին պետք է լինեն Բաղրամյան 26-ում:

Բայց ոչ թե ներսում՝ նախագահի ընդունելության սենյակում, այլ երիտասարդների հետ՝ Նախագահականի դարպասներից դուրս:

Ի դեպ, քառյակի ուժերից, ասենք, ՀԱԿ-ը որևէ կոմպլեքս պետք է որ չունենա Նախագահականի մոտ ակցիայի մասնակցելու համար: Բայց դա՝ առաջին հայացքից: Մասնակցելով «Դ!եմ եմ»-ի ակցիային՝ ՀԱԿ-ն ավելի կընդգծի ԲՀԿ-ի՝ «ոչ իշխանականությունը»: Իսկ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի համար ունի մոտավորապես այնպիսի նշանակություն, ինչ ՀՀԿ-ն՝ ՕԵԿ-ի համար՝ մինչև ապրիլի 16-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս