Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի ճակատագրական 6 ամիսները

Երեկ, կարելի է ասել, Հովիկ Աբրահամյանի դեբյուտն էր` վարչապետի պաշտոնում։ Նա անցկացրեց իր առաջին հանդիպումը, այն էլ` բավականին լուրջ խնդրով։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:

Նա նշել է, որ կառավարությունը շարունակելու է ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ համագործակցությունը, քանի որ դա շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: «Սա երրորդ աշխատանքային օրն է իմ նշանակվելուց հետո, և կարևորելով այս ոլորտի ապագան և կառավարության հետ համագործակցությունը` ես տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները և առաջարկությունները: Իմ մոտեցումը լինելու է գործնական. ոչ միայն այս ոլորտի, այլև բոլոր ոլորտների հետ մեր բոլոր պայմանավորվածությունները լինելու են խոսք և պատասխանատվություն: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը և առաջարկությունները»,- ասել է նորանշանակ վարչապետը:

Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հակիրճ ներկայացրել է մինչ օրս կառավարության և ՏՏ ոլորտի միջև ծավալված համագործակցությունը և իրականացված ծրագրերը. ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, գործում է ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, արդեն ավանդույթ են դարձել պարբերական հանդիպումները և քննարկումները տարբեր ձևաչափերով:

Մասնավորապես` նման համագործակցության վերջին արդյունքը ՏՏ ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների արտոնությունների տրամադրման նախագիծն էր, որը կառավարությունն ուղարկել է ԱԺ` նպատակ ունենալով առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեխնոլոգիական ձեռնարկատիրության խթանման համար:

Իհարկե, անդրադարձ է եղել նաև պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին: «ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ, ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը և կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին նշվում է ընդամենը մեկ նախադասությամբ, սակայն պարզ է, որ ՏՏ ոլորտի հետ փոխկապակցված ամենալուրջ խնդիրը հենց պարտադիր վճարումներն են։ Սա Տիգրան Սարգսյանից ստացած ամենածանր և տհաճ ժառանգությունն է։

Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, որոշել է սկսել ամենադժվարից։ Միգուցե այդ հանգամանքը հաշվի առնելով` ոմանք հույս կունենան, որ այս հարցում կառավարությունը և 5%-ներից դժգոհող քաղաքացիներն ընդհանուր հայտարարի կգան։ Սակայն լավատեսության հիմքեր այստեղ չկան։

Նախ` սկսենք նրանից, որ պարտադիր բաղադրիչը (որի դեմ է այս ամբողջ պայքարը) պահպանվելու է։ Այդ մասին Հովիկ Աբրահամյանը հստակ հրահանգ է ստացել երկրի նախագահից, ով ապրիլի 13-ին ՀՀԿ խորհրդի նիստում հստակ նշեց, որ սկիզբ առած բարեփոխումները, այդ թվում` պարտադիր կուտակային համակարգը, պետք է շարունակվեն։

Հովիկ Աբրահամյանն ունի 6 ամսից պակաս ժամանակ` խնդիրը լուծելու համար։ Նա պետք է խնդիրն այնպես լուծի, որ մի կողմից` չխախտի նախագահի հրահանգը (բացի այդ, 5%-ներից հրաժարումը կարող է վտանգի տակ դնել բյուջեի կատարումը), և մյուս կողմից` չավելացնի բողոքի ալիքը։

Ընդ որում, սա ոչ միայն ամբիցիաների խնդիր է, այլև ռեալ վտանգ է պարունակում: «Դ!եմ եմ» շարժումը, որն իր մեջ ներառում է առաջին հերթին` ինտելեկտուալ զանգվածին, բավականին կազմակերպված է և կրեատիվ։ Բանկոմատներից միաժամանակ գումարները կանխիկացնելու ակցիային կարող են հետևել նաև այլ անսպասելի քայլեր, որոնք նոր կառավարության համար կարող են լուրջ խնդիրներ ստեղծել։

Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, կանգնած է բարդ` գրեթե անլուծելի խնդրի առաջ։
Իսկ ցանկություն ունի՞ նա արդյոք լուծել խնդիրը։ Ինչպես նշեցինք` այո։ Սակայն այլ հարց է` ո՞ւմ օգտին։ Միգուցե նորանշանակ վարչապետը հոգու խորքում դեմ է այդ բարեփոխում կոչվածին, սակայն հենց սկզբից ամեն ինչ արել է այն անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին։ Հովիկ Աբրահամյանն այն ժամանակ ԱԺ նախագահ էր և կողմ էր քվեարկել։ Լավ, միգուցե այն ժամանակ նա խորությամբ չէր ուսումնասիրել փաթեթի վտանգները, իսկ հիմա կարծիքը փոխել է։
Սակայն Հովիկ Աբրահամյանը կուտակային համակարգը պաշտպանելու ևս մեկ առիթ ունեցավ արդեն 2013-ի վերջին։

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` հավաքելով անհրաժեշտ քանակի ստորագրություններ, արտահերթ նիստ էին հրավիրել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի» հարցով։ Սակայն ԱԺ Հանրապետական և «Օրինաց Երկիր» խմբակցությունները չներկայացան 15-ին` ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստին` տապալելով այն: Դա Սահմանադրության խախտում էր, ինչի մասին հետագայում ասաց նաև ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, սակայն եղածն արդեն եղած է։

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանը չի կարողանա անբարենպաստ լուծման դեպքում սլաքներն ուղղել միայն նախկին վարչապետի վրա և ասել, որ մեղավորը նա է։ Նա ինքն էլ ոչ պակաս չափով մասնակցել է համակարգի ներդրմանը և պաշտպանել այն դժվարին պահերին։

Սակայն անելանելի վիճակից մի ելք, ամեն դեպքում, կա։
Նախ` ԲՀԿ-ն, ինչպես և պետք էր սպասել, բավականին լոյալ է տրամադրված Հովիկ Աբրահամյանի նկատմամբ։ Ավելին, սոցիալական ցանցերում առավել ակտիվ որոշ խմբեր Հովիկ Աբրահամյանին քննադատողներին մեղադրում են (որքան էլ աբսուրդային հնչի) իշխանության պատվերը կատարելու մեջ։

Մի խոսքով, կուտակայինի հարցում ԲՀԿ-ի հետ լեզու գտնել, ըստ ամենայնի, կհաջողվի։ Առավելևս, որ 2010-ին ԲՀԿ խմբակցության անդամների մեծ մասը փաթեթին կողմ էր քվեարկել։ Գագիկ Ծառուկյանը քվեարկությանը չէր մասնակցել, փոխարենը` փաթեթին կողմ էին քվեարկել Նաիրա Զոհրաբյանը, Աշոտ Տոնոյանը, Սամվել Բալասանյանը, Արագած Ախոյանը և այլք։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կուտակայինի հարցում ամենաանհաշտը ՀՅԴ-ն էր։ Սակայն այս դեպքում էլ լեզու գտնելու հույսեր կան։ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ կրկին հաստատել է, որ բանակցում են` կառավարությանը մաս կազմելու համար։ Եթե ՀՅԴ-ին ու իշխանությանը հաջողվի համաձայնության գալ կուսակցության ներկայացրած 7 կետերի շուրջ, ապա դաշնակցականները կոալիցիայի մաս կկազմեն, և հարցն այսքանով կփակվի։
Կուտակայինի դեմ ակտիվ պայքարում կմնան միայն «Ժառանգությունը» և ՀԱԿԿ-ն, սակայն դա իշխանությանն այլևս լուրջ անհանգստություն չի պատճառի։

Այսինքն` Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր հնարավորությունները` կուտակայինի հարցերը լուծելու եթե ոչ` քաղաքացիական, ապա` քաղաքական հարթության մեջ։ Նման լուծման դեպքում «Դ!եմ եմ»-ը կմնա միայնակ` իր բողոքի հետ, և ստիպված կլինի կամ նոր կրեատիվ մեթոդներ մշակել պայքարն առաջ տանելու համար, կամ բռնել արտագաղթի ճամփան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս