Բաժիններ՝

ԻՏՁՄ-ն 14-րդ համագումարին ներկայացավ հավակնոտ ռազմավարությամբ, նոր կարգախոսներով ու նոր ապրանքանիշով

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարի ընթացքում, որը տեղի  ունեցավ ապրիլի 11-ին, միությունը հանդես եկավ հավակնոտ ռազմավարությամբ, նոր կարգախոսներով ու նոր ապրանքանիշով: Ռազմավարության նախագծում բավականին հավակնոտ տեսլական է ընդգրկված, այն է` Հայաստանը դարձնել բարձ տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար 20 երկրներից մեկը:

Ռազմավարության մեջ առկա են մի քանի հետաքրքիր շեշտադրումներ, մասնավորապես` Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապրանքանիշի զարգացման ուղղությունում շեշտադրված է Հայաստանը ներկայացնել որպես Surprising Engineering, այսինքն` հաճելիորեն զարմացնող ինժեներական լուծումներ տրամադրող երկիր: Ռազմավարական հաջորդ ուղղությունում` կառավարության հետ հարաբերություններում, նպատակադրված է դառնալ կառավարության ամենաանհանգստացնող քննադատը և ամենավստահելի գործընկերը: Համագումարը նոր ռազմավարական մոտեցումները ընդունեց որպես հիմք, իսկ ռազմավարության վերջնական տարբերակը կհաստատվի ու կներկայացվի առաջիկա 2 ամսվա ընթացքում:

Համագումարի ընթացքում տեղի ունեցան ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրությունները: 7-րդ տարին անընդմեջ միության նախագահ վերընտրվեց «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Վարչության կազմում ընդգրկվեցին «Սինոփսիս Արմենիա», «Օրանժ Արմենիա», «Յուքոմ», «Ինսթիգեյթ», «Մայքրոսոֆթ Ար Էյ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Պրոքսիմուս», «Մակադամիան», «Լայմ Տեխ» ընկերությունները և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը։  «ՋիԷնՍի–Ալֆա»ընկերությունը ստանձնեց ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:

Ներկայումս ԻՏՁՄ-ն միավորում է ոլորտի 63 կազմակերպությունների, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս