ՕԵԿ-ը կհամալրի ընդդիմության շարքերը՝ մեծացնելով ռեժիմի ճաքերը. «ՀԺ»

«ՀՀ կառավարության ձևավորման գործընթացը կարող է սենսացիոն շրջադարձեր ապահովել. մասնավորապես՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից։ Կուսակցության վերնախավի ներկայացուցիչները նույնիսկ պաշտոնապես չեն բացառում նման հնարավորությունը, և ասում են, որ որոշում կկայացնեն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում։

Պարզվում է, նման զարգացումների պատճառը Քաղաքաշինության նախարարության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են»- գրում է «ՀԺ»-ն։ «Հովիկ Աբրահամյանը, չգիտես ինչու, որոշել է ՕԵԿ-ից ետ վերցնել այդ պորտֆելը:

Չի բացառվում, որ նման մտադրության պատճառն այն է, որ նոր կառավարությունում պորտֆելներ ստանալու են նաև Դաշնակցության ներկայացուցիչները, և ուրեմն, գործող կոալիցիայի ներկայացուցիչները պետք է նեղ անեն, տեղ անեն։ Իսկ թե ինչո՞ւ է Աբրահամյանը որոշել հենց Քաղաքաշինության նախարարությունն առնել ՕԵԿ-ի ձեռքից, հասկանալի է։ ՕԵԿ-ական քվոտայով նշանակված գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հենց Աբրահամյանի մարդն է։

Այսինքն Աբրահամյանը չի կարող ինքն իրենից պաշտոն վերցնել։ Արմեն Երիցյանը, չնայած նախարար է դարձել ՕԵԿ քվոտայով, համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմներից։ Ամենախոցելին, ստացվում է, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն է։ Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. Թադևոսյանը համարվում է Շինանյութի Սերգեյ անունով հայտնի Սերգեյ Մանուկյանի հովանավորյալը, վերջինս էլ բավական կարևոր մարդ է «Օրինաց երկրի» համար, ու եթե ՕԵԿ-ը չկարողանա պաշտպանել իր նախարարին, կուսակցության ներսում մթնոլորտը կարող է լրջորեն խաթարվել։

Շատերը մտածում են, թե ՕԵԿ-ը բլեֆ է անում, երբ ասում է, որ դուրս կգա կոալիցիայից. ի վերջո Արթուր Բաղդասարյանը պահպանում է ԱԽՔ պաշտոնը, և մեծ է հավանականությունը, որ այս կուսակցությունը կբավարարվի առաջարկվելիք երկու պորտֆելով։ Բայց հակառակը բացառել չի կարելի: Այնպես որ, հնարավոր է, որ այսօր երեկոյան հայոց ընդդիմությունը նոր համալրում ունենա, ինչը, իհարկե, էականորեն կմեծացնի ռեժիմի կազմաքանդման հավանականությունը»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս