Գալուստ Սահակյանը՝ խնամիական կապերի, քառյակի և իր՝ ԱԺ նախագահ դառնալու հավանականության մասին. Tert.am
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով նոր վարչապետից՝ նշեց, որ չնայած նրան տրված կադրային քաղաքականության ազատությանը, հին կառավարության ծրագրերից կտրուկ շեղումներ չեն լինի, բայց մեթոդիկա կմշակվի, որ ավելի արագ հնարավորություն ստեղծվի՝ բնակչության կենցաղը բարելավելու համար։
– Պարոն Սահակյան ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա հասարակությունը նոր վարչապետից, այն դեպքում, երբ Նախագահի հանձնարարականն այդքան էլ նախորդ կառավարության ծրագրից կտրուկ շեղում չի նախատեսում։
– Բնականաբար կտրուկ շեղումներ ծրագրից չեն լինի, բայց ասեմ, որ կատարման գործընթացներում խնդիրը հետևյալն է, որ պետք է մեթոդիկա մշակվի, որ ավելի արագ հնարավորություն ընձեռվի թե՛ տնտեսության առումով, թե՛ ազգաբնակչության կենցաղի բարելավման ապահովման առումով։
– Փաստորեն Հովիկ Աբրահամյա՞նն էր բոլորի համար ընդունելի, նշվում է, որ նա կարող է բոլոր սուր անկյունները հարթել, դո՞ւք էլ նման համոզման եք։
-Ասեմ հետևյալը, որ Հովիկ Աբրահամյանի և՛ բնավորության գիծը, և՛ կենսափորձն այնպիսին է, որ ցանկացած խնդիր, որ առաջանում է, նա փորձում է լուծումներ գտնել և հանդիպումներ է կազմակերպում։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի վերջին հաշվով մասնակից դարձնի նաև նրանց, ովքեր որևիցե խնդրի շահագրգիռ կողմ են հանդիսանում, այսինքն՝ քննարկումների ծավալների մեծացման ճանապարհով կգնա։
–Պարո՛ն Սահակյան, քառյակի ճակատագիրը նոր վարչապետից հետո ի՞նչ կլինի։ Հովիկ Աբրահամյանի ընտրությամբ կարելի՞ է ասել, որ քառյակն այլևս կենսունակ չէ։
-Դուք՝ լրագրողներդ, քառյակ ասելով դարձրեցիք քաղաքական կառույց, նման քաղաքական կառույց չէր կարող լինել, ընդամենը մեկ խնդրի շուրջ էին հավաքվել, դա կառավարության հրաժարականն էր։ Կառավարության հրաժարականից հետո դեռևս օրակարգ չեն կարողանում ձևավորել, իրենք մեկ սկզբունքի համար էին համախմբվել։ Ես կարծում եմ՝ այս օրերին էլ հանդիպումներ լինում են, ու դուք էլ եք տեղյակ հանդիպումներից, պարզապես նոր օրակարգ՝ հետագա ճանապարհն անցնելու, դեռևս չի ձևավորել։
–Պարոն Սահակյան, իսկ ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ԱԺ–ում։
-Դա հիմնականում պատգամավորների առաջարկությամբ է լինում, այս պահին 131 պատգամավոր կարող են թեկնածություն առաջադրել։ Ցանկացած պատգամավոր կարող է և՛ ինքնաառաջադրվել, և՛ կարող է մյուսի համար առաջադրում կատարել։
–Բայց ամեն դեպքում մեծամասնությունն է չէ՞ որոշում։
-Դե բնական է, կորոշեն ու ՀՀԿ-ն կքննարկի, այսօր ՀՀԿ-ն չի քննարկել։
–Ձեր անունն էլ է շրջանառվում։
-Ես շատ լավ չեմ զգում, որ շրջանառվում է, որովհետև իմ տեսակը չի սիրում շրջանառվել։
–Ամեն դեպքում Ձեզ տեսնում են, դուք դեմ չեք լինի։
-Ինձ որևէ առաջարկ չի եղել, ոչ էլ ՀՀԿ-ում այդ հարցը քննարկվել է։
– Իսկ կառավարությունում կադրային ջարդ կլինի՞։
-Չեմ կարծում, որ կադրային ջարդի մասին խոսք կարող է լինել։
–Նշվել է, որ կադրային քաղաքականության ազատություն Հովիկ Աբրահամյանին տրվելու է։
– Այն կադրերը, որոնք սովորաբար աշխատում են, բնականաբար նրանց որևէ բան չի լինի և ապահովված կլինեն։ Վերջին հաշվով, ես կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանն արագացված տեմպերով այն ծրագրերը, որոնք ունի կառավարությունը, պետք է կարողանա իրագործել, իսկ դրա համար հիմնական գործիքը աշխատող կադրն է։ Կարծում եմ՝ վարչապետը պետք է թիմ ձևավորի, և այն գործառույթները, որ դրված է վարչապետի վրա՝ իրականացվի, իսկ որևէ նախարար, եթե եղել է նախարար, այսօր չլինի, դա չի նշանակում, որ նա անգործ է մնալու և իր թիմին օգուտ չի բերելու։
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: