Լյովա Խաչատրյանի կարծիքով` Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր (տեսանյութ)

«Նոր վարչապետ, նոր կառավարություն: Կան ակնկալիքներ, հատկապես, որ այսօր ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը բավական բարդ է, և, անկեղծ ասեմ, մենք (Հանրապետական կուսակցությունը) և՛ վարչապետից, և՛ նոր կառավարությունից նոր ակնկալիքներ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյան:

Լ. Ալեքսանյանն ասաց, որ, բնականաբար, Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի կողմից ընդունելի թեկանածու է. «Ունի կենսագրություն, ունի կազմակերպչական ջիղ, աշխատել է մեզ հետ (հատկապես ես աշխատել եմ նրա հետ Արարատի մարզում): Ես կարծում եմ, որ նոր վարչապետը` Հովիկ Աբրահամյանը, ունի բոլոր հնարավորություններն այսօր դրությունը շտկելու համար»:

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ի համա՞ր էլ է Հովիկ Աբրահամյանն ընդունելի թեկնածու, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն ասաց. «ԲՀԿ-ում անձերի խնդիր չի դրվել, չի քննարկվել: Մեզ առաջնահերթ հետաքրքրում են ծրագրերը և ծրագրերի իրականացման հետամուտ լինելը, որովհետև կապ չունի՝ ով կգա: Կկարողանա՞ կազմել ծրագիր և հետամուտ լինել այդ ծրագրերի իրականացմանը… Խնդիրները շատ են, որոնց մասին մենք, իրոք, բարձրաձայնել ենք ամբիոնից մինչ վարչապետի փոփոխությունը, չենք թաքցրել մեր մտահոգությունները, քննադատել ենք: Քննադատությունը մեզ համար ինքնանպատակ չէ: Կլինի ծրագիր, կլինի ծրագրի իրականացում, կտանք գնահատական: Առայժմ մենք գնահատական չունենք»:

Այնուամենայնիվ, Լ.Խաչատրյանն ասաց, որ ինքն էլ է գտնում, որ Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր. «Թույլ կտա՞ն, թե՞ ոչ, դա երկրորդ խնդիրն է, կապրենք` կտեսնենք: Իր աշխատանքային գործունեությունը ցույց կտա՝ արդյոք ընդունելի՞ տարբերակ է նա, թե՞ ոչ: Ընդունելի է այնքանով, որ նա կարողանում էր խորհրդարանում ինչ-որ տեղեր սուր անկյունները հարթել, իր մոտ ստացվում էր, այսինքն` ուներ կազմակերպելու, համոզելու ունակություն»:

Կարդացեք նաև

Լ. Խաչատրյանի կարծիքով՝ այսօր իրավիճակն այնպիսին է, որ «ակադեմիական գրքեր կարդալն ու այդ կարդացած լեկցիաներից ցիտատներ անելը, բերեց-հասցրեց» այս իրավիճակին. «Դրանք բավարար չեն: Պետք է կյանքի փորձ, որ համադրվի գիտելիքի հետ և ներդրվի տնտեսության մեջ գործողություն կատարելու մեջ»:

Հարցին` արդյո՞ք քառյակը ճաք է տվել, քանի որ հնարավոր է Դաշնակցությունը մտնի կոալիցիա, Լ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ճաք է տվել, կամ ճաք չի տվել: Բառեր օգտագործենք, որ ավելի բնորոշիչ ու սիրուն լինի: Ի՞նչ է նշանակում՝ ճաք է տվել:  Դուք մեկը մյուսից առաջ եք դնում երևույթները: Այսինքն՝ ժողովրդին կտանի՞, թե ո՞չ: Ժողովրդին քառյակը չի տանում: Ժողովուրդն ընտրելէ քառյակին՝ իր ձայնը բարձրացնելու համար, որ մենք համաձայն չենք այս կառավարության հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս