Շուտով ականատես կլինենք Աշոտյանի ու ԲՀԿ-ականների նոր պատերազմին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքական դեմք է, և նրա նշանակումը զուտ քաղաքական քայլ է: Երբ ասում էին, որ վարչապետի թեկնածությունը պետք է բոլորի համար ընդունելի լինի, խոսքը հենց քաղաքական շրջանակների մասին էր, և առաջին հերթին՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի գործարարի մասին: Մնացածների կարծիքը տվյալ դեպքում երկրորդական է՝ ով փող ունի, նա էլ երաժշտություն է պատվիրում:

Նոր կառավարության թիմը նույնպես, հավանաբար, համապատասխանեցվելու է քաղաքական նպատակներին: Ըստ երևույթին, նախարարական պորտֆելներից կզրկվեն Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը և Վաչե Գաբրիելյանը:

Անձամբ ես ուրախ կլինեմ, որ նրանք հանեն նախարարների վեղարները և դառնան նորմալ՝ «աշխարհիկ» մարդիկ: Չնայած ենթադրում եմ, որ Արմեն Աշոտյանը նվիրվելու է քաղաքականությանը, և շուտով մենք ականատեսը կլինենք նրա և ԲՀԿ-ականների նոր «մենամարտերին»:

Կառավարություն կգան ավելի պրագմատիկ մարդիկ, որոնք չեն ընկնի տեսությունների, երևակայական պատկերների հետևից: Կդադարեն թեև գեղեցիկ, բայց անպտուղ խոսակցությունները «Գյումրիի տեխնոպարկի» և «Դիլիջանը՝ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն» դարձնելու մասին: Իսկ, օրինակ, Հյուսիս-Հարավ ժամանակակից ավտոմայրուղին պետք է սարքել՝ ոչ այնքան այն պատճառով, որ առանց այդ ճանապարհի մենք չենք կարողանա ապրել, այլ՝ որովհետև մի հատվածում աշխատանքներն արդեն սկսվել են՝ հիմա դա թողնելը կհիշեցնի «երկրորդ այիբի» պատմությունը:

… Ոմանք ասում են, որ կառավարությունը Մոսկվայից են փոխել: Կրեմլին իբր դուր չէր գալիս, թե ինչպես է Տիգրան Սարգսյանի թիմը աշխատում մաքսային համաձայնագրերի վրա, և հիմա նոր կառավարությունն ավելի լավ կաշխատի: Հավանաբար, նաև դա նկատի ուներ ՀՀ առաջին նախագահը, երբ ասում էր, որ քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում շատերը իսպառ կորցրել են հումորի զգացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս