
Գերմանական RWE ընկերությունը սկսել է Լեհաստանի տարածքով գազ մատակարարել Ուկրաինային

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել են գերմանական RWE ընկերության (դարձափոխիչ) գազամատակարարումներն Ուկրաինային: Այս մասին նշված է գերմանական գազային ընկերության տարածած հայտարարությունում:
Դրանում նշված է, որ գազի մատակարարումները մեկնարկել են այսօր և իրականացվում են Լեհաստանի տարածքով: Դրանք իրականացվելու են հնգամյա շրջանակային պայմանագրի հիման վրա, որը 2012 թվականի մայիսին ստորագրվել է ուկրաինական «Նավթոգազի» և RWE Supply & Trading-ի միջև:
Պայմանագրի համաձայն, մատակարարումների ծավալը կարող է կազմել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր: Հայտարարությունում ընդգծվում է, որ Ուկրաինային գազի մատակարարումները հենված են գազի վաճառքի եվրոպական մեծածախ գների վրա՝ ներառյալ նաև տրանսպորտային ծախսերը:
2013 թվականին RWE Supply & Trading-ն արդեն իսկ Ուկրաինային հատկացրել է մոտ 1 միլիարդ խորանարդ մետր գազ: