Բաժիններ՝

Ռազմական ծախսերի ցուցանիշով Թուրքիան բարձրացել է 14-րդ հորիզոնական. SIPRI

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2013 թվականին Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 19.1 միլիարդ դոլար, որով նա աշխարհում գրավել է 14-րդ տեղը՝ առաջադիմելով 2 հորիզոնականով:

Այս մասին նշված է զենքի համաշխարհային առևտրի մասին Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում:

Դրանում նշված է, որ նախորդ տարի ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 640 միլիարդ դոլար, որով նրան է բաժին ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 37 տոկոսը: 2012 թվականի հետ համեմատ՝ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը նվազել են 7.8 տոկոսով:

Չինաստանի ռազմական ծախսերը նախորդ տարի աճել են 7.4 տոկոսով՝ հասնելով 188 միլիարդ դոլարի: Վերջին 10 տարում Չինաստանի ռազմական ծախսերն աճել են 170 տոկոսով:

Երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որի ռազմական ծախսերը 2013 թվականին կազմել են 87.7 միլիարդ դոլար: 2012 թվականի հետ համեմատ՝ Ռուսաստանի ռազմական ծախսերն աճել են 4.8 տոկոսով, իսկ վերջին 10 տարում՝ 108 տոկոսով:

Նախորդ տարվա արդյունքներով, Սաուդյան Արաբիան առաջադիմել է 3 հորիզոնականով և հայտնվել է 4-րդ տեղում: Նախորդ տարի նրա ռազմական ծախսերն աճել են 14 տոկոսով՝ հասնելով 67 միլիարդ դոլարի: Ֆրանսիան նահանջել է 5-րդ հորիզոնական՝ 61.2 միլիարդ դոլար: Նախորդ տարի նրա ռազմական ծախսերը նվազել են 4 տոկոսով:

Նախորդ տարվա ռազմական ծախսերով առաջատար մյուս երկրներից Մեծ Բրիտանիայի ցուցանիշը կազմել է 57.9 միլիարդ դոլար, Գերմանիայինը՝ 48.8 միլիարդ դոլար, Ճապոնիայինը՝ 48.6 միլիարդ դոլար, Հնդկաստանինը՝ 47.4 միլիարդ դոլար, Հարավային Կորեայինը՝ 33.9 միլիարդ դոլար, Իտալիայինը՝ 32.7 միլիարդ դոլար, Բրազիլիայինը՝ 31.5 միլիարդ դոլար:

2012 թվականին Թուրքիան ռազմական ծախսերի ցուցանիշով 16-րդն էր աշխարհում: Սակայն 2013 թվականի արդյունքներով նա գերազանցել է ԱՄԷ-ին ու Կանադային և հայտնվել է 14-րդ հորիզոնականում: Վերջին 10 տարում Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 13 տոկոսով:

2013 թվականին բոլոր երկրների ռազմական ծախսերը, 2012 թվականի հետ համեմատ, նվազել են 1.9 տոկոսով՝ մինչև 1.75 տրիլիոն դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս