Ով կփոխարինի Դավիթ Հարությունյանին ԱԺ-ում

Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար նշանակվելու մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի նրան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնում:

Որպես ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հավանական թեկնածու՝ նշվում է այդ հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանի անունը: Իսկ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա գործող պատվիրակության կազմում ընդգրկված չէ, բայց եղել է ԱԺ նախորդ գումարման պատվիրակության կազմում՝ այդ ընթացքում գլխավորելով ԵԽ ԽՎ Տնտեսական հարցերի հանձնաժողովը: Նաղդալյանը կարող է փոխարինել Դավիթ Հարությունյանին ինչպես՝ պատվիրակության անդամի, այնպես էլ՝ պատվիրակության ղեկավարի դերում:

ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար լինելը հիմա այնքան էլ հաճելի զբաղմունք չէ, եթե նկատի ունենանք Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցում հայաստանյան պատվիրակության դեմ քվեարկությունը և դրա արդյունքում՝ Հայաստանի և հայաստանյան պատվիրակության նկատմամբ այդ կառույցում ձևավորված, մեղմ ասած, ոչ դրական վերաբերմունքը:

Կարդացեք նաև

Դավիթ Հարությունյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո թափուր կմնա նաև նրա պատգամավորական տեղը: ՀՀԿ ցուցակում հերթականությամբ հաջորդն ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է, ով, սակայն, ԱԺ կարող է գալ Հովիկ Աբրահամյանի փոխարեն, իսկ Ալեքսանյանից հետո պատգամավորության իր հերթին է սպասում դարձյալ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս