Ժիրինովսկին խոսել է ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հետխորհրդային «բոլոր երկրների ցանկության» և Ուկրաինայի մասնատման պլանի մասին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Эхо Москвы ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի և ոչ մի սուբյեկտ չի բարձրացնում երկրի կազմից դուրս գալու հարցը.

«Իսկ մեզ մոտ՝ Ռուսաստան, ցանկանում են բոլորը, ովքեր նախկինում գտնվել են մեզ մոտ: Ե՛վ Ղրղզստանն է ցանկանում, և՛ Տաշքենդը, և՛ Աշգաբադը, և՛ Ղազախստանը, և՛ Տաջիկստանը, և՛ Մոլդովան, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը: Բոլորն են ցանկանում:

Գիտե՞ք, թե վրացիներն ինչպես են սիրում մեզ: Նրանք պաշտում են մեզ: Կարելի է ավելացնել նաև Բուլղարիան ու Սերբիան: Նրանք երազում են լինել մեզ հետ: Ուկրաինայի հարավ-արևելքը պետք է գտնվի Ռուսաստանի կազմում, դա Ռուսաստանի մասնիկն է: Դա Ռուսական կայսրությունն է, դա Խորհրդային Միությունն է:

Եվ 1991 թվականի այդ ողջ գործողությունը կատարելապես ապօրինի է: Ղրիմը, Օդեսան և 9 հարավ-արևելյան շրջանները, որոնք ժամանակավորապես գտնվել են ուկրաինական դրոշի ներքո, կլինեն Ռուսաստանինը»:

Ժիրինովսկին մեկնաբանել է նաև Վիկտոր Յանուկովիչի հնարավոր վերադարձը. «Յանուկովիչը վերադառնում է առնվազն 1-2 ամսով, որոշակի ուժերը գիշերը նրան բերում են Կիև, իսկ առավոտյան նա իր նստավայրում հայտարարում է Գերագույն ռադայի ցրման, մայիսի 25-ի ընտրությունները չեղյալ հայտարարելու և Ուկրաինայի Հարավ-արևելքի լիակատար անկախության մասին:

Մայիսի 25-ին նա անցկացնում է հանրաքվե, և Ուկրաինայի ողջ հարավ-արևելքը քվեարկում է Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանի հետ միավորվելու օգտին: Լվովը, Վիննիցան, Խմելնիցկին, Ժիտոմիրը, Կիևը՝ 30 միլիոն բնակչությամբ, մնում են Ուկրաինային: Իսկ Հարավ-արևելքը՝ 15 միլիոն բնակչությամբ, Խարկովից Օդեսա՝ ներառյալ Մերձդնեստրը, մտնում են Ռուսաստանի կազմի մեջ, և մենք դուրս ենք գալիս Ռումինիայի, Հունգարիայի ու Սլովակիայի սահման:

Այս անգամ գազն ու նավթն արդեն ուղիղ կուղղվեն դեպի Եվրոպա: Ուկրաինայի արևմտյան մարզերը, որոնք ավելի վաղ պատկանել են Հունգարիային, Ռումինիային, անհրաժեշտ է հանձնել, Կարպատներից այն կողմ ընկած տարածքը՝ Հունգարիային, իսկ Բուկովինան ու Բեսարաբիան՝ Ռումինիային»:

Տեսանյութեր

Լրահոս