Օջալանի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Իրաքի քրդական կուսակցություններից Goran Hareketi-ի պատգամավոր Հևալ Քվեսթանին 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թվում առաջադրել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի թեկնածությունը, ով ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում:

Նշվում է, որ Նոբելյան հանձնաժողովն ընդունել է այդ դիմումը: Դրանով իսկ 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների քանակը հասել է 278-ի, որոնց թվում են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

2013 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր էր դարձել Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Օջալանի հրահանգով նրա հիմնադրած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները 2013 թվականի մայիսի 8-ից սկսեցին լքել Թուրքիայի տարածքը և նահանջել դեպի Հյուսիսային Իրաք: Դա աննախադեպ իրադարձություն էր դրան նախորդած վերջին 14 տարվա համար, որ PKK-ը զանգվածաբար սկսի լքել Թուրքիան:

Առաջին անգամ PKK-ն այդ քայլին գնացել էր 1999 թվականին, երբ նույն թվականի փետրվարի 15-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ձերբակալվել էր նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որին տեղափոխել էին Իմրալըի բանտ:

Տեսանյութեր

Լրահոս