Ցավոք, ունենք մի անձի իշխանություն՝ բոլորի ուշադրության կենտրոնում Սերժ Սարգսյանի որոշումն է». 1in.am
«Առաջին լրատվական»–ը զրուցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ:
– Պարոն Բլեյան, հետաքրքիր է Ձեր տեսակետը վարչապետի, կառավարության հրաժարականի մասին. արդյոք անձերի փոփոխությունը երկրի սոցիալ–տնտեսական կյանքում դրական բարեփոխում կարո՞ղ է առաջացնել:
– Աննորմալ եմ համարում այն, որ հայ հասարակությունը ապրում է խորացող փակուղում, անորոշության մեջ, իսկ կառավարությունները, վարչապետները երկար կյանք են ունենում: Եթե ունենայինք կայացած քաղաքական հանրապետական համակարգ, նորմալն այն կլիներ, որ ճգնաժամերի դեպքում կառավարության հրաժարականը, դրան հաջորդող խորհրդարանական ընտրությունները ճգնաժամի հաղթահարման մեկնարկ լինեին: Երբ բնակչությունը կամ արտագաղթում է երկրից, կամ պատրաստվում դրան, կամ մտածում դրա մասին, ուրեմն մի ուրիշ ճգնաժամ է:
Մեզանում այսօր շատ են խնդիրները, որոնք, տեսեք, փողոց են դուրս բերում հազարավոր մարդկանց։ Նորմալ է, որ երբ կառավարությունը, որպես իշխանություն, չի կարողանում լուծել խնդիրները, պետք է հրաժարական տա, որպեսզի գա նոր կառավարություն, որը կլծվի առկա խնդիրների լուծմանը, ճգնաժամի հաղթահարմանը:
Ես մեծ իրադարձություն չեմ համարում կառավարության հրաժարականը՝հատկապես որ դրան չեն հաջորդում խորհրդարանական ընտրությունները, որովհետև միասին են կառավարել՝ Ազգային ժողովն է ընդունել ճգնաժամ առաջացրած կամ դրա հաղթահարմանը չուղղված օրենքները: Եթե լինեին Ազգային ժողովի նոր ընտրություններ, հասարակության մեջ էլ շատ բան կպարզվեր, կճշտվեր, հասարակությունը հնարավորություն կունենար այս ամենին մասնակցություն ունենալ: Այսպես մասնակցություն չունի, դիտորդի դերում է: Հիմա պարզապես նստած սպասում են, թե այսօր կամ վաղը ում են նշանակելու: Հանրապետական մեծամասնության իրավունքն է, մեկին կնշանակեն. հասարակության անելիքը ո՞րն է՝ թամաշավո՞ր դառնալ և ամեն կերպ ծառայել ներկայացումը դիտարժան դարձնելո՞ւն։
–Նոր կառավարության կազմում ցանկալի՞ է, որ ընդդիմությունից որևէ մեկը լինի: Գուցե այդպես դրական փոփոխությո՞ւն լինի:
– Նշանավոր հարցը տամ՝ որ ի՞նչ անի։ Ես չեմ կարող շրջանցել քաղաքական համակարգը, որովհետև մեր դժբախտությունների ակունքում այդ համակարգի բացակայությունն է կամ անկատարությունը։ Ուրիշ ձև չկա։ Գործող Սահմանադրությամբ խորհրդարանն է, չէ՞, կառավարություն ձևավորում, ընտրում վարչապետ: Ցավոք, մի անձի իշխանություն ունենք, և բոլորի ուշադրության կենտրոնում Սերժ Սարգսյանի որոշումն է։
Քաղաքացին, քաղաքացիների այն խմբերը, որ հիմա փողոցում են, հարգանքի արժանի պայքար են տանում իմ ու ձեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար, կհասկանան, չէ՞, որ անջատ պայքար չկա՝ զուտ պարտադիր կուտակայինի դեմ, էկոլոգիական, գազի, տրանսպորտի թանկացման դեմ… Եթե ես իմ ձայնով չեմ կարողանում իշխանություն փոխել, ապա էլ ինչի՞ դեմ եմ պայքարում, էլ ինչպե՞ս եմ ազդելու նրա վրա, եթե պայքարի թիրախում իշխանությունը չէ, ո՞նց եմ հարցեր դնում իշխանության առաջ, դրանց լուծումը նրան պարտադրում: Ընտրություններով իշխանություններին փոխելը հենց քաղաքացիների արդյունավետ պայքարի սահմանադրական համակարգն է: Դա աշխատանք է, որ պետք է բարեխիղճ արվի:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: