
Ռուբեն Հակոբյանը կոչ է անում այսուհետ կոչվել 4 քաղաքական ուժեր և ոչ թե ոչ իշխանական

«Համակարգային կոռուպցիան ղեկավարվում է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից»,- այսօր ոչ իշխանական քառյակի հավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ կոչ անելով այսուհետ կոչվել 4 քաղաքական ուժեր և ոչ թե ոչ իշխանական, որովհետև ՀՀ-ում չկա նման այլ քաղաքական միավոր:
Ըստ նրա՝ քառյակի գործունեությունն ընդդեմ չի, հանուն է, որ վիճակն ուղղեն: Հակոբյանի խոսքով՝ նրանք, ովքեր դեմ են, որ երկրում կոռուպցիան ու ստվերային տնտեսությունը վերանա, պետք է հեռանան իշխանությունից և քաղաքական դաշտից: Հակոբյանը նշեց, որ պետության զարգացման օրակարգը ձևավորում է միջին խավը, և որտեղ միջին խավը կայացած է, այդ պետությունը հաջողում է. «ՀՀ-ի դժբախտությունն այն է, որ չկա միջին խավ, հասարակությունը բևեռացած է, իսկ արանքը լցված է քաոսով ու վախով: Միջին և մանր բիզնեսը խժռվել է ոլորտների մենաշնորհների կողմից»:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ Ռ.Հակոբյանը նշեց, որ դա քաղաքացիական հասարակության և քառյակի շնորհնքն է. «Մենք այնքան ուժեղ ենք, որ դիմեց, հրաժարականն ընդունեցինք: Այժմ քչերն են համաձայնում աշխատել վարչապետ և ճիշտ են անում: Նրանք ճարպկություն դրսևորեցին 4 քաղաքական ուժերի օրակարգը խառնեցին, բաց արդեն շփոթն անցել է, և օրակարգը մնում է նույնը»: